Ըստ Եժի Բուզեկի` Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում եղել է Եվրոպայի մաս
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին: Հանրապետության ղեկավարի խոսքով' Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգանում են, և համագործակցության ոլորտները ներառում են ոչ միայն արտաքին քաղաքականությունը կամ առևտրատնտեսական հարաբերությունները, այլև Հայաստանի ներքին բարեփոխումները, որոնք ուղղված են մարդկանց բարեկեցության ապահովմանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է եվրոպական փորձի հիման վրա և ԵՄ աջակցությամբ շարունակել բարեփոխումների ուղին:
Եժի Բուզեկի խոսքով' Եվրոպայում հավատում են Հայաստանի բարեփոխումների հաջողությանը, որը լավ օրինակ կարող է դառնալ այդ ճանապարհն ընտրած այլ երկրների համար:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության մեկնարկով երկկողմ կապերը նոր որակական մակարդակի վրա են դրվել, լավ հնարավորություններ են ստեղծվել նաև գործընկեր պետությունների հետ համագործակցության համար:
«Չափազանց կարևորում ենք Եվրախորհրդարանի՝ որպես համաեվրոպական գործընթացների վրա ազդող հեղինակավոր կազմակերպության հետ մեր հարաբերություններն ու համագործակցությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ԵՄ-ի հետ համագործակցությունը համարել է մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ' Եվրոպական խորհրդարանի նախագահը միանգամայն բնական է համարել այդ ընտրությունը' նշելով, որ Հայաստանի պատմությունը մշտապես կապված է եղել Եվրոպայի հետ: «Դուք միշտ եղել եք Եվրոպայի մաս ձեր ողջ պատմության ընթացքում»,- նշել է Եժի Բուզեկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել