HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային դիտորդական առաքելությունները դրական գնահատական տվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Երևանի Մարիոթ հյուրանոցում միջազգային դիտորդները ներկայացրին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց գնահատականը։

ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացրել է երեք եվրոպական կառույց՝ ԵԱՀԿ պատվիրակությունը, ԵԽԽՎ պատվիրակությունը և ԵԱՀԿ ԺՄԻԳ պատվիրակությունը։

ԵԱՀԿ ղեկավար Կարին Հենդրիկսենը նշեց, որ Հայաստանում ընտրությունների անցկացման օրը աշխատել է 73 դիտորդ 24 տարբեր երկրներից։

Չնայած քարոզարշավի ընթացքում հնչած ագրեսիվ հռետորաբանությանը, ընդհանուր առմամբ ծայրահեղ քաղաքական բևեռվածությանը և ընտրարշավի խիստ անձնավորված բնույթ ունենալուն, բուն ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ պայմաններում և եղել են ժողովրդավարական։

Հենդրիկսենի խոսքով՝ հարգվել են ընտրողների հիմնական ազատությունները։ Իշխանությունները իրականացրել են թափանցիկ վարչարարություն։ Չնայած սուղ ժամկետներին՝ կարողացել են ընդունել Ընտրական օրենսգրքում դրական փոփոխություններ և սահուն կազմակերպել ընտրությունները։

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ազգությամբ հույն Ջորջ Կատրոկալոսը իր ելույթը սկսեց Հայաստանին համերաշխության խոսքով, ասաց, որ «հույն ժողովուրդը Հայաստանի կողքին է։»

Նա նույնպես դրական գնահատեց ընտրությունները։ Կատրոկալոսի խոսքով, ընտրությունները կազմակերպվել են առանց որևէ կերպ խափանելու դրանց ժողովրդավարական բնույթը։ Եթե մի կողմ դնենք նախընտրական ծայրահեղ բևեռվածությունը, ընդհանուր առմամբ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

«Նկատել ենք չնչին խախտումներ, օրինակ՝ որոշ ընտրատեղամասեր գերծանրաբեռնված են եղել, որոշներում եղել են աննշան տեխնիկական խնդիրներ»,- նշեց պատվիրակության ղեկավարը։ Ցավոք, շատ ընտրատեղամասեր հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի չեն եղել։

Ընդհանուր առմամբ, այս խախտումները «հարցականի տակ չեն դնում ընտրությունների ժողովրդավարական կարգը»։ Կատրոկալոսը հավելեց, որ իրենց պատվիրակությունը ամբողջությամբ ընդունում է ընտրությունների արդյունքը։

Վերջում ելույթ ունեցավ ԵԱՀԿ ԺՄԻԳ պատվիրակության ղեկավար Էոգան Մըրֆին։ Այս կառույցի փորձագիտական թիմը իր աշխատանքները սկսել է դեռ մեկ ամիս առաջ։ Իրականացրել են և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ դիտորդություն։ Դիտարկել են և ուսումնասիրել են ընտրությունների ամբողջ գործընթացը՝ սկսած ընտրարշավից։

Մըրֆիի խոսքով, նրանց առաքելությունը որևէ խոչընդոտի չի հանդիպել, և՛ իշխանությունները, և՛ ընտրական գործընթացի այլ մասնակիցները բաց կերպով համագործակցել են նրանց հետ։ «Մենք բոլոր տիրույթներում տեսանք պրոֆեսիոնալ աշխատանք»,- նշեց Մըրֆին։

Առանձին կերպով նշեցին նաև ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքը։ Մըրֆին բացասական գնահատեց որոշ ԶԼՄ-ների քաղաքական կապվածություններին։  

Միջազգային դիտորդների առաքելությունների ամբողջական արդյունքները հասանելի կլինեն շուտով։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter