Շառլ Միշելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ 2021 թվականի հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Warm congratulations to @NikolPashinyan on elections victory.
— Charles Michel (@eucopresident) June 21, 2021
The EU stands by Armenia ?? in support of deepening reforms.
We are also ready to further support regional stabilisation and comprehensive conflict settlement.
«Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին խորը բարեփոխումների իրականացման հարցում։ Մենք նաև պատրաստ ենք շարունակել աջակցել կայունությանն ու տարածաշրջանային հակամարտության համալիր կարգավորմանը»,- գրել է Միշելը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրան մասնակցում էր 25 քաղաքական ուժ, որոնցից 4-ը դաշինքներ էին, իսկ մնացածը՝ կուսակցություններ։ Նրանցից շատերը նոր ձևավորված ուժեր էին, որոնք մինչ այս անծանոթ էին հայաստանցի ընտրողներին։
Ընտրություններին մասնակցել էր քվեարկելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 1 281 174-ը կամ 49,4 %-ը։ Ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնվել է քաղաքական երեք ուժ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր ընտրողների 53,92 %-ը, «Հայաստան» դաշինքը, որի օգտին քվեարկել էր ընտրողների 21,04 %-ը և «Պատիվ ունեմ» դաշինքը, որի օգտին էլ քվեարկել էր ընտրողների 5,23 %-ը։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել