
Փաշինյանը կոչ արեց վերջ դնել հայհոյախոսությանն ու թշնամանքին եւ համախմբվել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը պատմական համարեց հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն ու ՔՊ-ի հաղթանակը: Նման տեսակետ նա հայտնեց Հանրապետության հրապարակում այսօր՝ հունիսի 21-ին հրավիրված հետընտրական հանրահավաքին: Ըստ Պապիկյանի` այս ընտրություններն ապացուցեցին, որ արատավոր բարքերը` ընտրակաշառքով մարդկանց քվեարկության վրա ազդելն արդեն անցյալում է։ Նա նաև շնորհակալություն հայտնեց իրավապահներին մի քանի նման դեպքերի բացահայտման համար:
Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ ընտրությանը մասնակցած քաղաքացիների գրեթե 54%-ը կամ 687.414 քաղաքացի իր քվեն տվել է ՔՊ-ին` այդ կերպ պողպատե մանդատ տալով կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:
«Սա շատ պարտավորեցնող է, նաև պետք է արձանագրենք, որ ընտրության արդյունքում իշխանություն դառնալու հնարավորություն ենք ստացել ոչ միայն մեզ ընտրողների, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում թշնամիներ չկան, կա օրենք, և օրենքի առաջ բոլորը հավասար են` դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարը:
Պապիկյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում իրենք ահազանգեր են ստացել, որ որոշ ՏԻՄ ղեկավարներ կամ գործատուներ քաղաքացիներին ուղղորդում են, ստիպում գնալ հանրահավաքների: Պապիկյանը հայտարարեց` վաղվանից իր լիազորությունների շրջանակում ձեռնամուխ է լինելու քաղաքացիների իրավունքների վերականգնմանը:
«Պահանջում եմ բոլոր գործատուներից, ովքեր թույլ են տվել նման խախտումներ, ինչի համար արդեն փոշմանել են, սկսել վերականգնել մարդկանց իրավունքները»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հույս հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններով նոյեմբերի 9-ից սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է:
«Եվ մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի, բայց պիտի արձանագրենք, որ պայմանները և վիճակը էականորեն փոխված են, որովհետև Հայաստանի ժողովուրդը մեր թիմին տվել է մանդատ իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու համար: Ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` արդեն երկրորդ անգամ է, որ իր պաշտոնավարման շրջանում օրինական, ժողովրդավարական ընտրություններ են անցկացվում, ինչը փաստել են թե' տեղական, թե' միջազգային դիտորդները: Սակայն ընդգծեց մի հանգամանքի մասին, որ դիտորդներն են բարձրաձայնել. քարոզարշավի ընթացքում կիրառվել է ագրեսիվ հռետորաբանություն:
Չցանկանալով խոսել այն մասին, թե ով է սկսել հայհոյախառն արտահայտություններ անել՝ նա կոչով դիմեց ընտրությունների մասնակից ուժերին. «Ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, և այդ իրավիճակի առաջին կետն ու հանգրվանը հետևյալն է` առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին սկսել մի պարզ կետից` վերջ դնել հայհոյախոսությանը: Առաջին հերթին մեր կողմնակիցներին եմ կոչ անում՝ վերջ դնել հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի ու Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և մենք պետք է այդ էջը սկսենք ազգային ներուժի համախմբմամբ, վերջ դնելով անհարկի թշնամանքին»։ Ապա հավելեց, որ դա ամենևին չի նշանակում հրաժարվել կարգուկանոն հաստատելուց:
Փաշինյանի երկրորդ առաջարկը հետևյալն էր` «ժողովրդից գողացվածն ինքնակամ վերադարձնել պետությանը»: Նա հիշեցրեց, որ արդեն գործարկվել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, և այն գործելու է անխուսափելիորեն: Փաշինյանը նման գործիչներին խորհուրդ տվեց ժամանակ չկորցնել և պետությունից գողացվածն ինքնակամ վերադարձնել, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Նա ազդարարեց, որ վաղվանից սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրությունների մասնակից այն ուժերի հետ, որոնք պատրաստ են երկխոսել:
Երկխոսության կոչով դիմեց նաև այն կառույցներին, այդ թվում՝ հոգևոր վերնախավին, որոնց հետ մինչ այժմ բանավեճ են ունեցել՝ ասելով, որ պարզում է համախմբման ձեռքը: Փաշինյանը նաև հավելեց, որ այս խոսքերը չեն կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ իր ստանձնած պարտավորությունները` գործադրելու պողպատե մանդատ և հաստատելու օրենքի ու իրավունքի դիկտատուրա:
«Քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք բոլորով վերադառնում ենք Հայաստանը նորովի կառուցելու, մեր երեխաների այսօրը և ապագան կառուցելու քրտնաջան աշխատանքին, նաև՝ Արցախին զորավիգ լինելու մեր աշխատանքին»,- ասաց Փաշինյանը:
Մեկնաբանել