HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2012 թ. խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները ըստ Արման Մելիքյանի

Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվաքանակը`

1. 725 446 (±35 հազար մարդ)

Ընտրություններին մասնակցած կուսակցություններին և դաշինքին տրված ձայները տոկոսային արտահայտմամբ`

Հայաստանի Հանրապետական և Օրինաց երկիր

կուսակցություններ (միասին)                                                                                    54% (±3%),

Բարգավաճ Հայաստան                                                                                              24% (± 3%),

Հայ ազգային կոնգրես                                                                                                11 % (± 2%),

Ժառանգություն                                                                                                             6% (± 1%),

Հայ Հեղափոխական դաշնակցություն                                                                         5%:

Վերը բերված կանխատեսման իրականացման հավանականությունն այս պահին 95% է: Միաժամանակ կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ ինչպես 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցությունը չէր կարող իրականում կազմել 1.680.000-ին մոտ մի թիվ, այնպես էլ գալիք խորհրդարանական ընտրությունների պարագայում իմ կողմից կանխատեսվող 1.752.446 ընտրողների թվաքանակը հնարավոր է միայն ընտրությունների պաշտոնական կեղծման դեպքում: Չեմ կարծում, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որևէ մեկը պատրանքներ ունի այս կապակցությամբ: Սակայն պատրանքներ չունենալով գնում են ընտրություններին ընդառաջ, անիրականանալի խոստումներ ու/կամ ընտրակաշառքներ շռայլելով:

Քաղաքական առաջնորդներն ինչ-որ բաներ են խոսում աննախադեպ արդար ընտրությունների մասին, դրանց արդար անցկացման երդումներ տալիս, արդար ընտրություններ ապահովելու նպատակով զանազան շտաբներ ստեղծում: Հայաստանում ընտրությունների անցկացման իրական մեխանիզմները, իմ համոզմամբ, իրավական դաշտից դուրս են շատ վաղուց: Այս խնդիրն այսօր չունի իրավական լուծում Հայաստանում: Չեմ պնդում, որ արդեն ուշ է և ոչինչ անել հնարավոր չէ:

Ընտրությունների արժանահավատությունն ապահովող մի պարզ քայլ կա, որին բավական է, որ համաձայնեն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը և, առաջին հերթին, իշխանական կոալիցիա կազմող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Օրինաց երկիրը»` հարկավոր է ուղղակի պայմանավորվել, որ եթե ընտրությունների մասնակիցների քանակը գերազանցի 1.300.000-ը, ապա համարել, որ այդ արդյունքը կասկածի տակ է դնում ընտրությունների արժանահավատությունն ու մանրակրկիտ վերահաշվարկ կատարել բոլոր  ընտրատեղամասերում: Սա կլինի այն քաղաքական լուծումը, որը կարող է ապահովել նաև ընտրությունների անցկացման իրավաչափությունը: Այս դեպքում էլ ընտրակեղծարարությունը ամբողջությամբ չի կանխվի, սակայն բացառելով Հայաստանից բացակայող և, ուստի, վիրտուալ ընտրողների ձայների օգտագործումը մենք իրականությանը շատ ավելի մոտ պատկեր կունենանք: Չեմ բացառում, որ այդ դեպքում կարող է էապես փոխվել նաև ներկայացված կանխատեսման տոկոսային արդյունքների հարաբերակցությունը:

Ստեղծված իրավիճակում սա այն ուղին է, որը կարող է ընդհանուր մոտեցումներ մշակելու հնարավորություն ստեղծել քաղաքական ուժերի համար և կդառնա ընտրողի` ՀՀ քաղաքացու հանդեպ իրական հարգանքի դրսևորումը:

Արման Մելիքյան

2008 թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter