HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինա Կալյուրանդի և Անդրեյ Կովաչևի համատեղ հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը համատեղ հայտարարություն են տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Երեկ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ժողովրդավարության այս կարևոր դրսևորման համար՝ չնայած բարդ իրավիճակին։

Սա Հայաստանի համար առանցքային պահ է, և մենք հուսով ենք, որ ընտրությունների հստակ արդյունքները նոր դրական էջ կբացեն երկրի համար: 

Շատ զգացմունքային արշավից հետո հայ հասարակությունն ամենաշատը կարիք ունի վերականգնել միասնությունն ու համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ավելի լավ ապագա կերտելու համար:

Համավարակի հետ կապված ճանապարհորդական սահմանափակումների պատճառով Եվրախորհրդարանը չկարողացավ դիտորդներ ուղարկել: Այնուամենայնիվ, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելություն են իրականացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ): Մենք ընդգծում ենք, որ առաքելությունը հայտնել է, որ ընտրությունները մրցակցային են եղել և, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված: Ընտրողներին ընձեռվել են լայն տարբերակներ, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները հիմնականում հարգվել են:

Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ընտրությունների արդյունքները և զերծ մնալ պառակտիչ հռետորաբանությունից և գործողություններից: Անօրինականությունների վերաբերյալ ցանկացած մեղադրանք չպետք է օգտագործվի լարվածությունը խթանելու համար, այլ անհրաժեշտ է դրանք կարգավորել համապատասխան բողոքների և բողոքարկման ընթացակարգերի ներքո:

Մենք ակնկալում ենք աշխատել նորընտիր Ազգային ժողովի հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ` ի շահ մեր քաղաքացիների»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter