
Starlink-ի գլոբալ ինտերնետ ծածկույթը հասանելի կլինի 2021 թվականի սեպտեմբերից
Գործարար Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը հայտարարել է, որ 2021 թվականի սեպտեմբերից Starlink արբանյակային ինտերնետ նախագիծը ողջ աշխարհում կապահովի շարունակական անխափան ծածկույթ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով SpaceX-ի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն Գվին Շոթվելին։
«Մենք հաջողությամբ տեղակայել ենք մոտ 1800 արբանյակ, և հենց նրանք դուրս գան աշխատանքային ուղեծիր, մենք կունենանք անխափան գլոբալ ծածկույթ։ Դա հավանաբար տեղի կունենա սեպտեմբերին»,- նշել է Շոթվելը՝ Macquarie Group-ի տեխնոլոգիական կոնֆերանսին։
SpaceX-ի նախագահի խոսքերով՝ ընկերությունն այնուհետ կսկսի կարգավորող մարմինների հետ աշխատանքը, «որպեսզի մտնեն բոլոր երկրներ և պայմանավորվեն հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման շուրջ»։
Այս տարվա մայիսին SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել էր, որ Starlink-ը ստացել է ավելի քան 500 000 նախնական պատվեր ինտերնետ ծառայությունների համար։
2020 թվականի հոկտեմբերին ընկերությունը սկսել էր Starlink-ի beta թեստավորումը, որին, Գվին Շոթվելի խոսքերով, մասնակցում էին 11 երկրի օգտատերեր։ Ծառայության ամսական վճարը կկազմի 99 դոլար։
Լուսանկարը՝ Starlink-ի պաշտոնական կայք էջից
Մեկնաբանել