HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին:

«Մեր երկիրն անցել է խորհրդարանական ընտրությունների միջով բավական լարված իրավիճակում: Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ որ լիարժեք ապահովվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրությունը բարձր գնահատեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մեր ընդդիմախոսներից շատերն ասում էին, որ դուք, այսինքն՝ մենք, 2018 թվականին այսպես ասած, ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չունեիք, որովհետև արդյունքներն ի սկզբանե բոլորին ակնհայտ էր: Եվ այս առումով նույնպես, կայացած ընտրությունները ես համարում եմ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը, որովհետև պիտի խոստովանեմ, որ ընտրությունների արդյունքներն ամենևին էլ կանխատեսելի չէին, այլ, ընդհակառակը, անկանխատեսելի էին:

Բայց, կարծում եմ, շատ կարևոր է այն արձանագրումը, որ Հայաստանի իշխանությունը, կառավարությունը քաղաքական կամք և սկզբունքայնություն դրսևորեց և ապահովեց քաղաքացիների լիարժեք կամարտահայտությունը և ընտրությունների մրցակցայնությունը, ինչն արձանագրված է միջազգային հանրության կողմից: Եվ, ընդհակառակը, եթե ընտրությունների արդյունքների վրա ակնհայտ ապօրինի ազդեցություն գործելու ինչ-որ դեպքեր արձանագրվեցին, ապա դրանք որոշ դեպքերում արձանագրվեցին հենց ընդդիմության ներկայացուցիների կողմից:

Ամեն դեպքում, պարոն Հայրապետյան, ես այսօր ուզում էի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի և ավելի հասանելի լինեն միմյանց համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Միքայել Հայրապետյանն իր հերթին հայտնել է, որ «Պահպանողական կուսակցության» համար բացարձակապես վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները, ինչի մասին հաջորդ օրն իսկ հայտարարություն են արել՝ դրանով դադարեցնելով նախընտրական «Ազատ Հայրենիք» դաշինքում «Պահպանողական կուսակցության» ներկայությունը: «Այնպես որ, այդտեղ խնդիր չկա՝ այո, վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները: Բայց, ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության անհրաժեշտություն կա: Դրա հակառակը Հայաստանում քաոսն է, որը հայկական օրակարգ չէ, և մենք ոչ միայն չենք սպասարկի, այլև դեմ կգնանք այդ քաոսին, որ ուժի կողմից էլ այն հրահրվի:

Նաև հայկական ներուժի համախմբման խնդիր ունենք, թվային Հայաստանի, նոր, արդի աշխարհի հետ խոսող Հայաստանի խնդիր ունենք այսօր: Դա մարտահրավեր է: Այլապես մեր էթնոսը նոր ստեղծվելիք, արդեն իսկ շունչը զգացվող այս տարածաշրջանում ապագա չի կարող ունենալ: Մենք պետք է արդիականացվենք, բայց ոչ հիմնական արժեքները կորցնելով: Եվ այստեղ հիմնարար է հոգևոր անվտանգությունը, որը, ցավոք, մինչ այսօր բաց է մնացել:

Եվ այն, որ Չարենցն ասում էր՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», մենք այդ ուժ հասկացության վերասահմանման խնդիր ունենք: Վստահ եմ, որ Չարենցն էլ բազկի ուժի մասին չէ, որ խոսել է, այլ մտքի և ոգու ուժի մասին, որն այսօր հնարավոր է իրականացնել: Իսկ դա հնարավոր է բացառապես նոր իշխանության նախընթաց քայլեր անելու շնորհիվ: Մարտահրավերներին դիմակայելու համար «Պահպանողական» կուսակցությունը պատրաստ է ցանկացած մարտահրավերի պարագայում սատար լինել և օգտակար լինել, որովհետև մենք բոլորս մեկ նավի վրա ենք: Ինչպես որ Գարեգին Նժդեհն էր ասում՝ անկախ հայրենիքի վարչակազմից, հայրենիքին ծառայել է պետք, հայրենիքը սիրել է պետք, հայրենիքը մեր ընդհանուրն է, և մենք՝ Պահպանողականներս, պատրաստ ենք լծվելու այդ դիմագրավելու գործին»,- նշել է Միքայել Հայրապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter