HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Վեոլիա ջրի» բաժանորդներն ահազանգում են առանց զգուշացնելու ջրանջատումներից

Այսօր առավոտից ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր բողոքում են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքներից՝ նշելով, որ արդեն մի քանի օր է՝ պարբերաբար ջրանջատումներ են լինում, որոնց վերաբերյալ ընկերությունը նախապես չի զգուշացնում։ «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն ֆեյսբուքյան խմբում բողոքների թիվը հասնում է մի քանի տասնյակի։

Ընկերության հաճախորդները հիմնականում դժգոհում են, որ ջրանջատումները եղել են առանց զգուշացման և չեն կարողացել կարգավորել իրենց աշխատանքները։ 

Մելինե Հովսեփյանն ապրում է Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, այսօր տնային գործեր անելիս ջրանջատում է եղել, փորձել է զանգահարել ընկերություն, սակայն որևէ մեկը չի պատասխանել հեռախոսազանգերին։

Մելինեն վստահեցնում է՝ չեն զգուշացրել, որ ջրանջատում է լինելու․ «Արդեն մեկ շաբաթից ավել է՝ էս վիճակն է, կատեգորիկ ոչ մի զգուշացում չի եղել։ Անջատում են, հետո անցնում է մի 2 ժամ, իրենց էջում նոր գրում են, որ ջրանջատում է լինելու, ու առանց միացման ժամ գրելու... Զանգում եմ, գոնե որ միացման ժամն իմանամ, դա էլ չեն պատասխանում»,- ասում է «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդը։ Մելինեն հավելում է, որ ամռանը դժվար է առանց ջրի մնալ և ստիպված են խանութներից շշերով ջուր գնել․ «Գոնե, որ շուտ զգուշացնեն, կհասցնենք հավաքել, բայց դա էլ չեն անում»։ 

Մալաթիա-Սեբաստիայի մեկ այլ բնակիչ՝ Լիլիթ Առաքելյանն էլ կատակում է, որ չի հասցրել անգամ լոգասենյակից դուրս գալ, երբ ջրանջատում է եղել, որևէ նախազգուշացում չեն հաղորդել։ Էրեբունի վարչական շրջանում ևս առավոտյան ջրանջատում է եղել, ապա իջեցվել է ջրի ճնշումը։

Առանց զգուշացնելու անջատել են նաև Դավթաշեն վարչական շրջանի ջրամատակարարումը։ Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Եղիազարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ առավոտյան աշխատանքի գնալուց առաջ ստուգել է ջրամատակարարող ընկերության կայքը՝ հասկանալու՝ ջրանջատումներ լինելու են, թե ոչ, սակայն իրենց թաղամասի վերաբերյալ որևէ հայտարարություն չի եղել, այնուամենայնիվ ժամը 1-ին թաղամասը ջրազրկվել է։ 

Ջրանջատումներ լինում են ոչ միայն Երևանում, այլև մարզերում

«Հետքը» հարցում իրականցրեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն ֆեյսբուքյան խմբում, նպատակն էր հասկանալ՝ Հայաստանի, որ մարզերում են ջրանջատումներ իրականացվել։ 

Սյունիքի մարզի սահմանամերձ Սյունիք բնակավայրում հունիսի 5-ից սկսել են պարբերաբար ջրանջատումներ իրականացնել։ Համայնքի բնակիչ Գրիգորի Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ջուրն անջատում են առավոտյան ՝ ժամը 6-ին, և միայն ուշ գիշերին են միացնում, այն էլ ճնշումը այնքան ցած է լինում, որ լվացքի մեքենան նույնիսկ չի կարողանում աշխատել։ Գրիգորիի խոսքով՝ զանգահարում է ընկերության թեժ գիծ, նրան հայտնում են, որ շուտով պատճառների մասին կտեղեկացնեն, սակայն այդպես էլ պատասխան չի ստանում։ Գրիգորին ասում է, որ արդեն 12 տարի է՝ նույն իրավիճակն է․ «Առաջ դիմացի սարից ջուր էինք բերում, հիմա թուրքերի սահմանն է»,- հավելում է Գրիգորի Ավետիսյանը։

Երեկ՝ առավոտից ջրանջատումներ են եղել նաև Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում։

«Առանց տեղեկացնելու ջրանջատում են իրականացնում, նույնիսկ չենք էլ հասցնում ջրի պաշար հավաքել, անխիղճ արարածներ են։ Երեկվա դրությամբ առավոտյան ժամը 12-ից ջրանջատում են արել, այս պահին էլ ջուր չունենք»,- ասում է Եղեգնաձորի բնակիչ Լիլիթ Դովլաթյանը։

Այսօր՝ ժամը 14։30-ին, «Վեոլիա ջուր» ընկերությունը հաղորդագրություն տարածեց նշելով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ որոշ տարածքներում։

«Հետքի» հետ զրույցում ՀԷՑ-ի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի բաժնի ղեկավար Նատալիա Սարջանյանն ասաց․

«Իրենք ոչ ճիշտ ինֆորմացիա են տալիս, լարման տատանումը, որի մասին իրենք խոսում են, թույլատրելի սահմանում է»,- նշեց Նատալիան՝ հավելելով, որ շուտով իրենց հաղորդագրությամբ կպատասխանեն «Վեոլիա ջուր» ընկերությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter