HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի» արգելոց-թանգարանում նշվել է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը

Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նշվեց հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսի բացմամբ: Այն այցելուին է ներկայացնում 15 երկրների 20 հնագիտական վայրեր, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Ողջունելով ներկաներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մասնավորապես կարևորեց Հայաստանի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիային, որի 40-րդ տարեդարձը նշվում է այս տարի:

Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի` որպես մշակութային բազմազանությունների խրախուսման արդյունավետ գործիքի մասին խոսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը. նա նաև շեշտադրեց համաշխարհային ժառանգության պահպանության գործում տեղական համայնքների դերն ու կարևորությունը: Միջոցառմանը ներկա ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անդրադարձավ ժառանգության  պահպանության պատասխանատվության խնդրին` նշելով «Մենք կհարատևենք այնքան` որքան պահպանված կլինի և կհարատևի մեր ժառանգությունը»: Ժառանգության հայ պահապաններին շնորհավորեց և ներկաներին ողջունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար տկն Վասիլիկի Դիկիպուլոն: Նշելով, որ Հունաստանի մշակույթը դա աշխարհի մշակույթն է` նա կոչ արեց համատեղ ջանքերով նպաստել աշխարհի ժառանգության պահպանությանը:

«Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսը ներկայացնում է հնագիտական վայրեր Հունաստանից, Պերուից, Հունգարիայից, Գվատեմալայից, Իրանից, Թունիսից, Թուրքիայից, Նորվեգիայից, Ղազախստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Աֆղանստանից և Գերմանիայից: Ցուցադրությունը սկսվում է Զվարթնոցի հնավայրի ներկայացմամբ, որը 2000 թվականին գրանցվել Համաշխարհային ժառանգության ցուցակում:  

Ցուցահանդեսի 1-ին այցելուներն այսօր «Ունիսոն» հասարակական կազմակերպության անդամներն էին, որոնք թանգարան մուտք գործեցին թանգարանի կողային ճակատից  դեպի ցուցասրահ տանող նորակառույց թեքահարթակով: Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց անունից իր երախտագիտությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանին և արգելոց-թանգարանին` մշակութային այս օջախն իրենց հասանելի դարձնելու համար: Թանգարանը հյուրընկալել էր նաև «Փարոս» կամերային երգչախմբին, որի  համերգային ծրագիրն ավարտվեց  «Էրեբունի Երևան» երգով:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter