HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Այվազյանը կալանավորվել է

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ  քննչական կոմիտեում՝ քննվող քրեական գործի շրջանակներում՝ «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացրած միջնորդությունը բավարարվել է: Այս մասին ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2021թ. հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իր անվամբ գրանցված անհատական էջի, ինչպես նաև «Հայոց ազգային բանակ» խմբի միջոցով նշված ցանցի բոլոր օգտատերերին հասանելի կարգավորմամբ ուղիղ հեռարձակում է կազմակերպել, որի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք դեպքերի՝ մասնավորապես օրեր առաջ ՀՀ և ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի և այն անձանց հասցեներին, ովքեր 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարած կուսակցության օգտին՝ այս կերպ, ըստ քննչական կոմիտեի, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ: Նշված հեռարձակման ընթացքում Արթուր Այվազյանը հնչեցրել է նաև նույն անձանց շրջանակի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ, որը, ՔԿ-ի բնորոշմամբ, զուգորդվել է բացառիկ ցինիզմով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter