HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը Քաջարանում հողային օրենսդրության պահանջների խախտումներ է հայտնաբերել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ Այս մասին ասվում է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։

Մասնավորապես՝ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է, որ համայնքի սեփականությունը հանդիսացող 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ  գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Ա․ Սարգսյանին՝ 150 000 դրամ վարձավճարով, վարձակալը, առանց սեփականատիրոջ համաձայնության, 0.02 հա մակերեսով հողամասը ենթավարձակալության է տրամադրել «Արմենիա Թելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին 115 000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։

Ըստ տարածված հաղորդագրության՝ համայնքի սեփականությունը հանդիսացող 0.142 հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Հ. Համբարձումյանին 3150 դրամ վարձավճարով, սեփականատիոջ համաձայնությունը ստանալով՝ վարձակալը 0.02 հա մակերեսով ենթավարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին 35 000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն  էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 24.12.2014թ.-ին ստացել է լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ընդերքի շահագործման իրավունք,  որի գործողության ժամկետը մինչև 24.06.2022թ.-ն է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերից առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել է ընդերքարդյունահանմամբ։ 

Արդյունքում թույլ  են տրվել  հետևյալ խախտումները՝

  •   Համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը ենթավարձակալության են տրամադրվել՝ խախտելով  նպատակային նշանակությունը,  և տրամադրվել են ավելի մեծ արժեքներով։ 
  •  Համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերում՝  առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համապատասխան հողամասի նկատմամբ պայմանագիր կնքելու զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։

Ինչպես հաղորդում է տեսչական մարմինը, հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է գլխավոր դատախազություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter