HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնեսետը որոշեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել կրթության հանձնաժողովում

Այսօր Իսրայելի խորհրդարանը (Կնեսետը) քննարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի կրթության հանձնաժողովին փոխանցելու' «Մերեց» կուսակցության (պատգամավոր Զահավա) առաջարկը։ ՀՅԴ Հայ դատի Երուսաղեմի հանձնախումբը տեղեկացնում է, որ նիստին մասնակցող 20 պատգամավորը, նաև կառավարության ներկայացուցիչները միաձայն որոշել են հարցը փոխանցել կրթության հանձնաժողովին։

Նախկինում խորհրդարանը որոշել էր հարցը քննարկել պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որն իր նիստերը գումարում է դռնփակ: Մտահոգությունն այն էր, որ նման պայմաններում հարցը քննարկման դնելով' հանձնաժողովը Ցեղասպանության հարցի ճանաչման վերաբերյալ կարող է բացասական կարծիք տալ խորհրդարանին:

Ավելի քան կես ժամ տևած այսօրվա քննարկմանը մասնակցել են տարբեր կուսակցությունների պատգամավորներ։ Արտաքին գործերի նախարարության տեսակետը փոխանցել է կրոնի նախարարը' հայտնելով, թե հարցը պետք է պահել պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, և Իսրայելը պետք է աջակցի Հայաստան-Թուրքիա երկխոսությանը։

Միաժամանակ նախարարը հայտնել է իր անձնական տեսակետը, որ ժամանակն է այս հարցի մասին հստակ որոշում կայացնել և այդ նպատակով հարցը փոխանցել կրթության հանձնաժողովին։

Ելույթ է ունեցել նաև վարչապետի «Լիքուդ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զեև Էլկինը, որը ևս կողմ է արտահայտվել հարցը կրթության հանձնաժողով փոխանցելու առաջարկին։

Բոլոր ելույթ ունեցողները, ներառյալ խորհրդարանի նախագահը, կողմ են արտահայտվել առաջարկին։ Նրանք շեշտել են, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է պատճառ դառնան, որ Իսրայելը չճանաչի պատմական իրողությունը:

Խորհրդարանի նիստին ներկա են եղել Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ներկայացուցիչներ Հակոբ Սևանը, Ժորժետ Ավագյանը և ուրիշներ, ովքեր հայտնել են, որ Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել այս ուղղությամբ: Հակոբ Սևանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի կրթության հանձնաժողովին փոխանցելու որոշումը դրական տեղաշարժ է համարում:

Ապրիլի վերջերին ՀՅԴ Բյուրոյի անդամ և ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի ատենապետ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ներկայացուցիչների ընկերակցությամբ, հանդիպումներ էր ունեցել Իսրայելի խորհրդարանական կուսակցությունների' Սոցինտերնի անդամ «Մերեց» և Աշխատավորական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Նա նաև հանդիպել էր Սոցինտերնի անդամ պաղեստինյան ՖԱԹՀ կազմակերպության արտաքին կապերի պատասխանատուի, ինչպես նաև Իսրայելի «Լիքուդ» կուսակցության խմբակցության ղեկավար Զեև Էլկինի հետ։

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
TURKIAYIN vaxetsnum e ISRAELY, TE ANKEXTS uzum e chanachel Հայոց ցեղասպանությունը ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter