HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պատերազմում հերոսացած ջաջուռցի Արմանի «Արիության» մեդալը ծնողներին հանձնվեց հետմահու

Քայլում եմ խնամված, փոքրիկ այգու խոտե արահետով: Գաճաճ, սակայն առողջ ու ամուր մրգատու ծառերի տեսքը զարմացնում է: Քամիների առատությամբ եւ ջերմ օրերի սակավությամբ աչքի ընկնող Ջաջուռում նման պատկերի ամեն տեղ չես հանդիպի: Գյուղական պարզ, միահարկ տան մուտքի դուռը բաց է: Նախամուտքում դիմավորում է Արտուշ Քոչարյանը` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արման Քոչարյանի հայրը:

Տղայի կորստյան վիշտը ծորում է 53-ամյա տղամարդու աչքերից ու ձայնից: Անցել է ութ ամիս, սակայն վերքը ոչ մի կերպ չի սպիանում: Արմանի 20 տարին լրացել էր 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին: Այս տարվա հունվարին պետք է զորացրվեր, եւ պատերազմը չէր մտնում Քոչարյանների ապագայի ծրագրերի մեջ, ինչպես ամեն մի հայ ընտանիքի: «Ի՞նչ եք ուզում, որ պատմեմ,-Արտուշը հարցական նայում է դեմքիս,-երեւի օտարները շատ ավելի լավ կնկարագրեին Արմանին: Ես հիմա ինչ ասեմ, պիտի ասեն` իր երեխան է՝ գովում է, բայց չէ, չկա նման բան: Ինքը շատ լավ դաստիարակություն էր ստացել: Խիստ բանիմաց, շատ խելացի երիտասարդ էր, բոլորը կփաստեն իմ ասածները: Արմանս ուներ բազում դրական կողմեր, եւ ոչ մի բացասական, որ որպես ծնող, գոնե իմ համար, երբեք չեմ կարողացել առանձնացնել: Երազանքներ ուներ, ծրագրեր: Ջաջուռը շատ էր սիրում: Ինչ էլ ծրագրեր՝ գյուղի հետ կապ ուներ»:

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում մեծացած տղան երազում էր ծրագրավորող դառնալ: Ընդունվել  եւ սովորում էր Շիրակի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում: «Ֆուտբոլ էր սիրում, ամեն ինչ գիտեր ֆուտբոլի մասին, սիրում էր մեկնաբանել, երազում էր, որ մի օր էլ ինքը կհայտնվի հեռուստատեսությունում, որպես ֆուտբոլային մեկնաբան: Մաթեմատիկական առարկաներից ուժեղ էր, ծրագրավորումն ընտրեց որպես հիմնական մասնագիտություն: Բարի էր, հասնող, շատ ընկերասեր, նաեւ` շատ հայրենասեր»,-հայրը հոգոց է հանում:

Արմանը բանակ էր զորակոչվել 2019թ.-ի հունվարի 15-ին: Վիճակահանության ժամանակ վեցամսյա ուսումնական վայր էր ընտրվել Լուսակերտի հրետանային զորամասը: Քննությունները հանձնել էր գերազանց, ստացել էր կրտսեր սերժանտի կոչում եւ առաջնակարգ հերտանավորի 3-րդ դասի որակավորում, որն ամբողջ զորակոչից մոտ 20 հոգի էին ստացել: «Լուսակերտից հետո իրենց տեղափոխեցին Արցախ, ինքն ընկավ Մարտունի-2 զորամաս: Պատերազմից առաջ իրեն ներկայացրել էին ավագ սերժանտի կոչման, որ պոստերից իջնեին, պիտի ստանար: Մարտկոցի հրամանատարը՝ Պետրոսյան Ժորան, որ պատերազմից հետո մեր տուն էր եկել, ասում էր, որ շատ ճշգրիտ էր հաշվում ու 100-ից 100-ը խփում էր: Ասում էր՝ իր նման զինվոր չեմ ունեցել: Ինքը մեր տանը հուզվեց, պատմեց ու պատմեց Արմանից, արտասվեց, ասաց՝ հազվագյուտ զինվոր էր,-զրուցակցիս ձայնը դողում է,-ես շատ չզարմացա, գիտեի, թե ինչպիսի տղա եմ ճամփել բանակ, գիտեի` ինչ դաստիարակություն է ստացել, ինչ գիտելիքների տեր էր, ու վստահ էի, որ բաց ճակատով ծառայելու էր հետ գար, եթե էս անիծյալ պատերազմը չլիներ»:

Պատերազմի նախորդ օրը` սեպտեմբերի 26-ին, հեռախոսազրույցի ժամանակ Արմանն ասել էր, որ ամեն ինչ լավ է, ուղղակի թիվ մեկ տագնապ է տրված: Արտուշը պատմում է, որ մինչեւ տղայի զոհվելն ամեն օր խոսել են, թեկուզ երկու բառ փոխանակելով` սակայն կապը պահել են: Հոկտեմբերի 22-ի առավոտյան Արմանը զանգել է, եղել է սովորական հարց ու պատասխան, դա եղել է վերջին խոսակցությունը: Երեկոյան Արմանի եւ ընկերների պահած դիրքը թշնամին ռմբակոծել է, 13 հոգուց միայն մեկն է ողջ մնացել: 

«Ժամը 20:30-ի կողմերն է եղել, ինքնաթիռից են ռմբակոծել: Հրամանատարական կետում եղած 12 տղան զոհվել են, մեկին կարողացել են հողի տակից կենդանի հանել: Արմանը մահացել էր բազմաթիվ կոտրվածքներից, գլխի ստացած վերքից հիմնականում, որ համատեղելի չի եղել կյանքի հետ,-ասում է հայրը,-Արմանիս որ հանել են, հրամանատարն ասել է` իրան շուտ դուրս հանեք, առաջնահերթ ուղարկեք: Մարմինը ճանաչելու խնդիր չի եղել, բայց ես ամեն դեպքում, ողջ ուժերս հավաքելով, մորգում ասել եմ, որ ատամերը բացեն նայեմ, քանի որ ճեղք ուներ դիմացի երկու ատամի միջեւ, հետո ջրծաղիկից ոտքերի վրա սպիներ էին մնացել: Բացի էդ էլ, բոլոր փաստաթղթերը մոտն էին, խնամքով ծալած, դրած էր զրահաբաճկոնի գրպանում, վրան ոչ մի կաթիլ արյուն, ոչ մի հետք չկար: Իր զոհվելուց երկու օր անց մենք մարմինը հողին հանձնեցինք: Տարօրինակ կհնչի, բայց պիտի ասեմ` երեւի էդ առումով ես երջանիկ ծնող եմ` հաշվի առնելով, թե ինչ վիճակում են շատ ծնողներ»:

Արմանի մայրը՝ Հերմինեն, հարեւան սենյակից բերում է տղայի զինվորական փաստաթղթերը: Դրանք բոլորը խնամքով ծալված եւ փաթեթավորված են: Զինգրքույկի, հաշվարկի թղթերի, բանկային քարտերի արանքից սեղանին է սահում գրպանի փոքրիկ աղոթագիրքը: Արտուշը ձեռքն է վերցնում տղային պատկանող բանկային երկու քարտը, դրանիցի մեկի վրա չօգտագործած մի քանի տասնյակ հազար դրամ կա: Հայրն ասում է, որ իր ուղարկած գումարը տղան չէր ծախսել, հավաքել էր: Զրույցը շարունակում եմ Հերմինեի հետ:

«Արմանս ֆեյսբուքյան էջ ուներ իր անունով, որ չէր օգտագործում, տվել էր մեզ, ես ու հայրն էինք նայում: Իր զոհվելու օրվա երեկոյան Հովհաննես անունով մի տղա գրեց էջին, հարցնում էր, թե ո՞վ է նայողը, ասի՝ Արմանի մաման է: Թե բա, եթե հնարավոր է, Արմանի մեծ եղբոր համարը տվեք, ուզում եմ զանգել: Ասի` եղբայրը Մոսկվայում է, հետո ինքը ամուսնուս համարը ուզեց, տվեցի, զանգել էր, բայց ոչ մի էական բան չէին խոսել,-հիշում է Հերմինեն,-մենք համ անհանգիստ էինք, համ էլ մտածում էինք, որ եթե մի բան եղած լիներ, էդ տղան կասեր, էլի, բայց ինքն ընդամենը հարցուփորձ էր արել Արմանից»:

Արմանի մտերիմ ընկերը՝ Հովհաննեսը, որ ավելի շուտ էր վիրավորվել, հոկտեմբերի 15-ից գտնվել է Մուրացանի հոսպիտալում: Տղան այդ օրը համարձակություն չի ունեցել վատ լուրը հայտնելու, զանգահարել է հաջորդ առավոտյան ու լացակումած ասել, որ Արմանը ծանր վիրավոր է՝ հասե'ք: «Հովոն, որ դա ասում էր մեզ, ինքը դեռ չգիտեր, որ իր հորեղբոր տղան էլ է զոհվել Արմանիս հետ,-Արտուշը կրկին հոգոց է հանում,-մեր հարեւանի տղան էլ է նույն օրը զոհվել, տունը մի հարյուր մետր է հեռու մեզանից: Էս գյուղը երկու զոհ է տվել, երեք հոգի էլ գերի կա Ջաջուռից, իրանցից մեկը էստեղի թոռ է, Գյումրիում է ապրում, մյուս երկուսը գյուղից են»:

Արման Քոչարյանը հոկտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահի հրմանագրով պարգեւատրվել էր «Արիության» մեդալով: Պարգեւը ստացել էին ծնողները: Գրքույկում, արդեն ձեռագրով, հավելագրված էր՝ հետմահու: Ծնողները հրաժարվել են տղային հուղարկավորել Գյումրու զինվորական պանթեոնում: Արման Քոչարյանի մարմինն ամփոփված է Ջաջուռի գերեզմանատանը:

Արտուշ Քոչարյանը մանկավարժ է: 30 տարի նախնական զիվորական պատրաստություն է դասավանդել Ջաջուռի միջնակարգ դպրոցում: Այս տարի, սակայն, երկարամյա, փորձառու մանկավարժը չի բացի իրեն այնքան հարազատ դասասենյակի դուռը: «Չեմ կարող այլեւս: Եվ ի՞նչ եմ ասելու աշակերտներին,-չգիտես հարցնում, թե ուղղակի եղած փաստն է արձանագրում զրուցակիցս,-մեծ հաշվով՝ ոչինչ: Սեպտեմբերի երեք շաբաթը նվիրվում է ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մեր անցած հերոսական էջերն ենք ներկայացնում, այդ թվում եւ արցախյան գոյամարտն ու մեր հաղթանակները: Ի՞նչ պետք է ես հիմա պատմեմ աշակերտներիս, ի՞նչ եմ ասելու, չունեմ ասելիք: Ասեմ, որ պարտվե՞լ ենք, որ ինչ ձեռք էինք բերել, հանձնե՞լ ենք: Չեմ կարող»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter