
88 տարի առաջ Չինաստանում հայտնաբերված գանգը կարող է պատկանել մարդու անհայտ տեսակին
Չինաստանում գիտնականներն ուսումնասիրել են հին գանգ, որի արդյունքում հանգել են այն եզրակացության, որ գանգը պատկանում է մարդուն մինչ օրս անհայտ տեսակին։ Այն հայտնաբերվել է 88 տարի առաջ, սակայն միայն հիմա է հայտնվել գիտնականների ձեռքում։
Innovation ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ էվոլյուցիայի տեսանկյունից այն բանական մարդու ամենամոտ տեսակն է, ինչպես օրինակ նեանդերթալյան մարդը և Homo erectus-ը: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ավելի մոտ է բանական մարդուն, քան նեանդերթալյանին։
Գիտնականներն այս նոր տեսակն անվանել են Homo longi, չինարեն «երկար» բառից, որը նշանակում է «վիշապ»։ «Գտածոն մարդկության առանձին ճյուղի նմուշ է, որը Homo sapiens-ների (բանական մարդ) տեսակին չի պատկանում։ Նա մի քանի հարյուր հազար տարի զարգացել է այդ տարածաշրջանում և վերջիվերջո անհետացել»,- BBC-ի հետ զրույցում հայտարարել է պրոֆեսոր Քրիս Սթրինգերը։ Նա հավելել է, որ գտածոն վերջին մեկ միլիոն տարվա ընթացքում հայտնաբերված ամենակարևոր գտածոներից մեկն է։
Գանգը հայտնաբերվել է 1933 թվականին Չինաստանի հյուսիս-արևելքում՝ Հարբինի կամրջի կառուցման ժամանակ։ Այդ ժամանակ քաղաքը գտնվում էր ճապոնական բռնազավթման ներքո։ Կասկածելով, որ այն մշակութային արժեք ունի, չինացի բանվորներից մեկն գանգն իր հետ տուն է տարել, որպեսզի այն չընկնի ճապոնացիների ձեռքը։ Նա գանգը թաքցրել է ջրհորի հատակում, որտեղ այն մնացել է մոտ 80 տարի։ Մահվանից առաջ տղամարդն իր ընտանիքին պատմել է գանգի մասին, որից հետո այն հայտնվել է գիտնականների ձեռքում։
Իր չափսերով այն ավելի մեծ է, քան homo sapiens-ի և մարդու մյուս տեսակների գլուխը, իսկ ուղեղը միևնույն չափի է։ Գտածոն հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մարդկանց այն խմբի մասին, որն առնվազն 146 հազար տարի առաջ բնակվել է Արևելյան Ասիայում։ Գանգի անհատականացումը, որը հավանաբար պատկանել է 50-ամյա տղամարդու, իրականացվել է դրա ներսում առկա նստվածքների քիմիական վերլուծության արդյունքում։
Գիտնականները կարծում են, որ «վիշապ մարդը» իր կազմվածքով եղել է ուժեղ և պինդ։ Սակայն անհայտ է նրա կեցության մանրամասները, որովհետև հայտնի չէ, թե կոնկրետ որ հատվածից է այն գտնվել։ Դեռևս անհայտ է նաև, թե աշխատանքի համար քարե ինչ գործիքներ է կիրառել Homo longi-ն։
Լուսանկարը՝ XIJUN NI-ի
Մեկնաբանել