HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կանադայում բնիկ ժողովուրդների երեխաների նախկին գիշերօթիկ դպրոցի տարածքում հայտնաբերվել է 750 անանուն գերեզման

Կանադայում բնիկ ժողովուրդների երեխաների համար նախատեսված նախկին գիշերօթիկ դպրոցի տարածքում հայտնաբերվել է 750 անանուն գերեզման։ Այդ մասին գրում է BBC-ն։ Մեկ ամիս առաջ համանման մեկ այլ հաստատության տարածքից հայտնաբերվել էր 215 երեխայի մնացորդ։ Բնիկ ժողովուրդներն այդ գիշերօթիկ հաստատություններն անվանել են «հանցագործության վայրեր» և «համակենտրոնացման ճամբարներ» ու հավելում, որ, հավանաբար, դեռ շատ գերեզմաններ կհայտնաբերվեն։ 

Մարիվալ գյուղում հայտնաբերված գերեզմանների մասին հայտարարել էին Սասկաչևան նահանգի հարավարևելյան հատվածի բնիկ ժողովուրդների ինքնակառավարման մարմնի՝ Cowessess First Nation-ի ներկայացուցիչները։ Սա համանման ամենամեծ գերեզմանոցն է։ 2015 թվականի մայիսին երեխաների գերեզմաններ են հայտնաբերվել Կամլուպսի համանման հաստատություններից մեկի տարածքում, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիա նահանգում։ «Սա եղբայրական գերեզման չէ, այլ առանձին անանուն հուղարկավորվածներ»,- նշել է Cowessess First Nation-ի ղեկավար Քադմուս Դելորմը։

Որոնումների ժամանակ կիրառվել է գեոռադար, որը հնարավորություն է տալիս տեսնել գետնի տակ գտնվող օբյեկտները։ Աշխատանքները ֆինանսավորվում են պետության կողմից և կշարունակվեն նաև մյուս տեղանքներում։ «Սա միայն սկիզբն է»,- հայտարարել է Կանադայի բնիկ ժողովուրդների ֆեդերացիայի նախագահ Բոբի Քեմերոնը։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Մարիվալում հայտնաբերված մասունքները պատկանում են երեխաներին և արդյոք դրանք կապ ունեն գիշերօթիկ դպրոցի հետ։ Cowessess First Nation-ը հետաքննության շրջանակներում հույս ունի համագործակցել կաթոլիկ եկեղեցու հետ, որը Մարիվալի գիշերօթիկ դպրոցը կառավարել է 1899-1997 թվականներին։ 

Հիմնվելով տեղի բնակչության շրջանում տարածվող շշուկների վրա՝ Քադմուս Դելորմը նշում է, որ նախկինում հուղարկավորման վայրերը նշագծված են եղել, սակայն 1960-ական թվականներին գիշերօթիկ դպրոցի վարչակազմը վերացրել է հետքերը։ Նրա տեսակետը կիսում է նաև Կանադայի բնիկ ժողովուրդների ֆեդերացիայի ղեկավար Բոբի Քեմերոնը։ «Անկասկած, նրանք փորձել են թաքցնել այն երեխաների թիվը, որոնք արժանացել են վատ վերաբերմունքի և սպանվել այդ հաստատություններում։ Կանադան պատմության մեջ կմտնի որպես պետություն, որը փորձել է վերացնել իր բնիկ ժողովուրդներին»։ 

Reuters գործակալությանը տված հարցազրույցում Դելորմը հայտարարել է, որ հուղարկավորվածների մի մասը կարող են լինել կաթոլիկ եկեղեցու չափահաս սպասավորներ և որևէ կապ չունենան բնիկ ժողովուրդների հետ։ Կանադայի բնիկ ժողովուրդների ֆեդերացիայի փոխնախագահ Հիզեր Բիրը, որը 1970-ական թվականներին ուսանել է Մարիվալի գիշերօթիկ դպրոցում, հիշում է, որ այնտեղ իրոք եղել է գերեզմանատուն, սակայն ոչ այն չափերի, ինչպիսին հայտնաբերվել է ներկայումս։ Բացի այդ, ըստ նրա, երեխաները միշտ փորձել են շրջանցել այն։  

1863-1998 թվականներին Կանադայում գործում էր ավելի քան 130 գիշերօթիկ դպրոց, որոնք ֆինանսավորվում էին պետության կողմից։ Այնտեղ պարտադրված ուղարկվել են բնիկ ժողովուրդների շուրջ 150 հազար երեխաներ, որպեսզի ինտեգրվեն կանադական հասարակությանը։ 

Տարբեր տվյալներով՝ այդ երեխաներից 3200-6000-ը մահացել են, մյուսները, հիմնականում կեցության վատ պայմանների պատճառով, փախել։ Աշակերտների համար նախատեսված հանրակացարանները տեղակայված են եղել վատ կառուցված և գրեթե չջեռուցվող շենքերում, առանց սանիտարական նվազագույն պայմանների։ 

Երեխաներին արգելվել է խոսել իրենց մայրենի լեզուներով և հետևել ազգային սովորույթներին։ Երբեմն աշխատակիցների կողմից նրանք ենթարկվել են նաև ֆիզիկական և սեռական բռնության։ 

2008 թվականին Կանադայի իշխանությունների կողմից ստեղծված հանձնաժողովը պարզել է, որ շրջանավարտների մեծամասնությունը չի վերադարձել իրենց համայնքներ։ Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ պարտադրվող ասիմիլյացիայի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանություն։ Այդ ժամանակ Կանադայի կառավարությունը ներողություն էր խնդրել բնիկ ժողովուրդներից։ Դա դեռևս չի արել կաթոլիկ եկեղեցին, որի կառավարման ներքո են եղել գիշերօթիկ դպրոցների մոտ 70 %-ը։ 

Կամլուպսում հայտնաբերված գերեզմաններից հետո, Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր իր մտահոգվածության մասին և կոչ արել բոլորին հարգել բնիկ ժողովուրդների իրավունքներն ու մշակույթը։ Սասկաչևան նահանգի կաթոլիկ եպիսկոպոս Դոն Բոլենը 2019 թվականին Cowessess First Nation-ին նվիրաբերել էր մոտ 70 հազար կանադական դոլար՝ դպրոցական գերեզմանատների կարգի բերման և մնացորդների անհատականացման համար։ Բացի այդ, ակտիվիստներին նա տրամադրել էր նաև եկեղեցական արխիվներում պահվող մահվան վկայականները:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ «սարսափելի վհատված է» Մարիվալում հայտնաբերված մասունքներով և դա անվանել «համակարգային ռասիզմի, խտրականության և անարդարության ամոթալի հիշեցում, որին ենթարկվել են բնիկ ժողովուրդները»։

Լուսանկարը՝ Reuters/Dennis Owen

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter