Ոստիկանները բացահայտել են Կոտայքի մարզում կատարված սպանությունը
2020 թ.-ի նոյեմբերի 2-ին Ջրվեժ համայնքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 35-ամյա ամուսինը Բալահովիտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։
Ոստիկանությունը հայտնում է, որ որոնողական աշխատանքն արդյունք չտվեց, և նոյեմբերի 12-ին սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։
«Բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ 35-ամյա տղամարդուն սպանել էր Բալահովիտ գյուղի 25-ամյա մի բնակիչ, որին հայտնաբերել չհաջողվեց։
Ապրիլի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները, փոխգործակցելով Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, Հատիս գյուղի վարչական տարածքի դաշտում հայտնաբերեցին մարդու գլուխ և մարմին. հագուստը համընկնում էր անհետ կորած տղամարդու հագուստի հետ: Մինչ այդ կասկածյալի տան և ավտոտնակի խուզարկությամբ արնանման հետքեր էին հայտնաբերվել, որոնք, ըստ դատագենետիկական փորձաքննության, համընկնում էին դիակից վերցված փորձանմուշների հետ: Հունիսի 14-ին Բալահովիտ գյուղի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության մեղադրանքով հետախուզում հայտարարվեց։ Հարազատների հետ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 23-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Կոտայքի բաժին։
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին։ Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է Ոստիկանությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել