HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ոստիկանությունը փակում է աչքերը

Լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերով Հայաստանը կարող է խայտառակ ցուցանիշներ ունենալ

«Հայացք»-ը մշտապես հետևողականորեն անդրադարձել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման, նրանց հանդեպ բռնությունների, բռնության սպառնալիքների, վիրավորանքների դեպքերին: Կասկած չունենք, որ այդօրինակ դեպքերը խիստ հազվադեպ կլինեին, եթե ոստիկանությունը իր դերում լիներ:

Միայն վերջին մոտ 30 օրում մեզ այդպիսի առնվազն 3 դեպք է հայտնի, այսինքն՝ յուրաքանչյուր 10 օրը մեկ միջինը 1 դեպք է եղել: Այս միտումը, հատկապես խորհրդարանի առաջիկա ընտրություններից առաջ, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Մի կողմից ժողովրդավարության, օրինականության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների բարձրագոչ հայտարարություններն են, մյուս կողմից՝ խայտառակ պատկեր:

Այսպես, «Հայկական ժամանակ» օրաթերթի 17.03.2012 թ. համարում հրապարակված «Եթե ուզում ես՝ հավատա» հոդվածի համաձայն՝ ՀՀԿ անդամ, Երևանի թիվ 13 ընտրատարածքում Սերժ Սարգսյանի կողմից աոաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքի մոտ նախօրեին տեսնելով, որ թերթի լուսանկարիչը և թղթակիցը լուսանկարում են իրեն, մոտեցել է լուսանկարչին և ասել է. «Հեսա կտամ՝ չանեդ կջարդեմ, մի նկարի»:

«Ուզում եք պատգամավոր դառնալ և ուզում եք չնկարե՞նք»,- պատասխանել է թղթակիցը:

«Չէ, չեմ ուզում, հերդ ա ուզում, գնա հորդ նկարի»,- ասել է Սեդրակյանը, խփել լրագրողի դիկտաֆոնին և հեռացել՝ քթի տակ մռթմռթալով:

«Եվ այս ֆոնին արժե հատուկ ընդգծել, որ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների ներկայությամբ, ովքեր ոչինչ չեն ձեռնարկել լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի կապակցությամբ»,- տեղեկացրել է «Հայկական ժամանակը»:

Ուշագրավ է, որ այս դեպքից հետո Մհեր Սեդրակյանը թերթում հերքմամբ հանդես չեկավ, իսկ ՀՀԿ-ն էլ նրա խայտառակ արարքը համապատասխան գնահատականի և վերաբերմունքի չարժանացրեց, համենայն դեպս, հասարակությունն այդ մասին տեղյակ չէ: Ստացվում է, որ հանրապետականները չցանկացան դիպչել հարազատ կուսակցի խաթրին, ինչից կարող ենք բարոյական և քաղաքական հետևություններ անել, իսկ ոստիկանության պարագայո՞ւմ...

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը երեկվա դրությամբ, որքան էլ տարօրինակ է, դեռ ասելիք չուներ, պատասխանին սպասում ենք այսօր: Ընդգծենք, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելը ոստիկանության ոչ թե իրավունքն է կամ նրա ցանկության շրջանակում գտնվող գործողություն, այլ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով հստակ ամրագրված պարտականություն:

Դրանից 6 օր անց տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ: «Ժողովուրդ» թերթի 23.03.2012 թ. համարից տեղեկանում ենք, որ նախորդ օրը, երբ ՀՀ կառավարության հետնամուտքի մոտ Երևանի քաղաքապետին սպասող լրագրողների խմբում «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանը լուսանկարելիս է եղել այնտեղ կայանված ավտոմեքենաները, անսպասելիորեն Հ.Գևորգյանին են մոտեցել երկու «թափով» տղերք ու ներկայանալով ԱԱԾ աշխատակիցներ՝ լրագրողին արգելել են լուսանկարել:

«Հայկ Գևորգյանը բացատրեց, որ դա իր իրավունքն է, և ինքը կարող է լուսանկարել,- գրել է «Ժողովուրդը»:- ԱԱԾ աշխատակիցները կոպիտ կերպով «բացատրեցին», որ լրագրողը նման իրավունք չունի: Զրույցի վերջում նրանք սպառնացին հետ վերադառնալ և ասել՝ նա նման իրավունք ունի, թե չէ»:

Սա, իհարկե, նախորդ դեպքի հետ չենք համեմատում, բայց սպասենք կատարվածին ոստիկանության տված գնահատականին:

Ապրիլի 15-ին էլ նույն թերթի և «Հայացքի» տեղեկացմամբ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սկսվել է լրագրողների աշխատանքի խոչընդոտմամբ. «Մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկը՝ Գրիգոր Նազարյանը, որը նաև երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսերն է, քաշքշել ու հարվածել է «Ֆոտոլուրի» տնօրեն Մելիք Բաղդասարյանին՝ հայհոյանքների տարափով: Լրագրողներն ականատես են եղել տեսարանին ու արձանագրել, որ ոստիկանները մի կողմ են հրում ոչ թե Գրիգորին, այլ ֆոտոլրագրողներին»:

Երեկ այս ամենի մասին տեղեկացրել ենք ՀՀ ոստիկանության հիշյալ վարչությանը և, ինչպես արդեն նշեցինք, սպասում ենք պատասխանի:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter