HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հայաստանում բենզինի նոր թանկացում է սպասվում

Բենզինի իրացման շուկայում ներքին խոսակցություններ կան, որ առաջիկայում բենզինի գինը մեզ մոտ նորից կբարձրանա՝ հասնելով մինչև 600 դրամի: Այդ մասին տեղյակ են արդեն նույնիսկ որոշ բենզալցակայանների աշխատողներ:

Թե ինչ իրական հիմքեր կան այս խոսակցությունների համար՝ հարցի մյուս կողմն է: Հայաստանյան իրականությունը, սակայն, ցույց է տալիս, որ նման խոսակցությունները հաճախ են կյանք առնում, եթե նույնիսկ դրա համար տրամաբանական պատճառներ չկան:

Այս տարի բենզինի գները Հայաստանում ռեկորդ սահմանեցին: Ասում են՝ մայիսը նոր «ռեկորդ» է բերելու իր հետ:

Ի դեպ, անձամբ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ է այս առումով վերջերս կանխատեսում արել, թե առաջիկա ամիսներին դիզվառելիքի գների բարձրացում է սպասվում: Իսկ դա լինում է հատկապես խոտհնձի շրջանում:

Ամեն դեպքում, այս մտահոգությունները իրատեսական են այնքանով, որքանով իրատեսական է վառելանյութի համաշխարհային շուկայում բենզինի և դիզվառելիքի գների հերթական աճը: Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթամթերքի գներն արդեն մայիսի համար ձևավորվել են առավել բարձր շեմով՝ նավթի 1 բարելի գինը 1,5-2 դոլարով թանկացել է: Այդուհանդերձ, նավթամթերքի միջազգային շուկայում գներն այնքան բարձր չեն, որքան ճգնաժամի ժամանակ էին: Իսկ մեզ մոտ գները դեռ նոր են հասնում «ռեկորդի». բենզինը Հայաստանում այսքան թանկ դեռ չի եղել:

Մյուս կողմից՝ հայաստանյան շուկայում սպեկուլյատիվ միտումներ կան: Հերթական ահազանգողը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էր: Այն մարտին գերիշխող դիրքը չարաշահելու և փոքր ընկերություններին սնանկացնելու մեղադրանքով վառելանյութ ներկրող և իրացնող ամենախոշոր ընկերությանը՝ «Սիթի Պետրոլ Գրուպին» տուգանեց 100 մլն դրամով: Այս ընկերությունը բենզին էր ներկրում և վաճառում էժան գնով: Այնինչ այդ հնարավորությունը չեն ունեցել նրանից բենզին ձեռք բերող և վերավաճառող ընկերությունները, ինչի հետևանքով էլ շուկայից դուրս են մղվել:

«Սիթի Պետրոլ Գրուպին» պարտադրվել է վերացնել անհավասար մրցակցային պայմանների ստեղծումն այլ ընկերությունների հանդեպ, այն է՝ վերանայել իր գները: Իսկ սա, բնականաբար, իր հերթին ենթադրում է բենզինի մանրածախ գների բարձրացում:

Լիանա Եղիազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter