Բելառուսը դադարեցրել է իր մասնակցությունը Արևելյան գործընկերությանը
Ի պատասխան Եվրամիության սահմանած պատժամիջոցների, Բելառուսը դադարեցրել է իր մասնակցությունը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Բելառուսի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը։ «Մենք չենք կարող իրականացնել այդ Համաձայնագրով ստանձնած մեր պարտավորությունները՝ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների և սահմանափակումների պայմաններում»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Մինսկը նաև խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Եվրամիությունում իր ներկայացուցչին։ Բելառուսում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դիրք Շուբելին ևս առաջարկել են վերադառնալ Բրյուսել, որպեսզի «իր ղեկավարությանը հասցնի բելառուսական կողմի դիրքորոշումը՝ ճնշումների և պատժամիջոցների անընդունելիության վերաբերյալ»։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ իր որոշմամբ Մինսկը ևս մեկ հետքայլ է արել և Լուկաշենկոյի իշխանությանը խորհուրդ տվել առաջին հորիզոնականում դնել Բելառուսի ապագան։ «Դա կհանգեցնի լարվածության հետագա աճին և բացասական ազդեցություն կունենա բելառուսական ժողովրդի համար՝ իր հնարավորությունների կրճատման հաշվին, որը տալիս է մեր համագործակցությունը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Միշելը։
Belarus has taken another step backwards today by suspending its participation in the Eastern Partnership.
— Charles Michel (@eucopresident) June 28, 2021
This will escalate tensions further and have a clear negative impact on the people of Belarus by depriving them of opportunities provided by our cooperation.
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է Արևելյան գործընկերությունում մասնակցության շարունակության մասին, իսկ նախաձեռնությունից դուրս գալու գաղափարն անվանել «ռեժիմի չանհետացած անվստահության ցուցադրություն»։ Ըստ նրա՝ ընդդիմությունը կշարունակի փոխգործակցել եվրոպական կառույցների հետ։
Հունիսի 24-ին Եվրամիությունը Բելառուսի դեմ սահմանել էր պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ ի պատասխան Մինսկի կողմից Ryanair ավիաընկերության օդանավի հարկադիր իջեցման և այդ երկրում բռնաճնշումների թվի ավելացման։ Պատժամիջոցների տակ էին հայտնվել կալիումի պարարտանյութերի և նավթամթերքի բելառուսական արտահանումը, ինչպես նաև ծխախոտ արտադրողները։
Բացի այդ, Եվրամիությունը Բելառուսի համար փակել է իր ֆինանսական շուկաները, արգելել ապահովագրել և վերաապահովագրել բելառուսական պետական ընկերություններն ու հաստատությունները և դադարեցրել Եվրոպական ներդրումային բանկի հատկացումները։
Նոր պատժամիջոցներն Ալեքսանդր Լուկաշենկոն անվանել էր եվրոպական կողմի թուլության դրսևորում։
Արևելյան գործընկերությունը ԵՄ հարևանության քաղաքականության նախաձեռնություններից մեկն է, որն ուղղված է ԵՄ արևելյան վեց հարևանների հետ Միության համագործակցության խորացմանը։ Այդ երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան։ Արևելյան գործընկերության շրջանակներում այդ երկրները Եվրամիության հետ համագործակցում են մաքսային, սահմանապահ, կանաչ տեխնոլոգիաների, փոքր և միջին բիզնեսի, կրթական ծրագրերի ոլորտներում, ներառյալ ուսանողների փոխանակման «Էրասմուս» ծրագիրը։
Լուսանկարը՝ TASS գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել