
Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Կյանքում տեղի ունեցող ամեն մի փոփոխություն, նորույթ իր անդրադարձն է ունենում լեզվում։ Լեզվի կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ այդպես ծնվում են բառերը, որոնք համալրում են լեզվի բառային կազմը։ Նորաստեղծ բառերին շունչ տալու համար անհրաժեշտ է դրանք գործածել, շրջանառել։
Բանավոր ու գրավոր խոսքում (հատկապես մասնագիտական) շարունակ կիրառելով հայերենում վաղուց եղած բառերն ու եզրույթները՝ մենք նպաստում ենք հայոց լեզվի հարատևությանը։
Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։
- աուդիենցիա – 1. լսում, ունկնդրում, ստուգալսում, 2. փխբ․ ընդունելություն
- ապատիա – անտարբերություն
- գեներացիա – արտադրում, վերարտադրում
- դեօկուպացիա – ապազավթում
- դիկտատոր – բռնակալ, բռնապետ
- դիսկրիպտիվ – նկարագրական
- դիստիլյացիա – թորում, զտում
- դիսփլեյ – ցուցադրիչ
- էքսհումացիա – արտաշիրիմում
- էքստրավերտ – շփվող, հաղորդասեր, մարդամոտ
- թրեյնինգ – 1․ ուսուցում, վարժեցում, 2․ վարժանք, դասընթաց
- ինդուստրիա – արդյունաբերություն
- իներտ – 1․ անտարբեր, 2․անշարժ, 3․ չեզոք
- լոկալիզացիա – տեղայնացում
- կոլաբորացիա – համագործակցություն, գործակցություն, աշխատակցություն
- կոնսպիրատիվ – գաղտնի
- մենտոր – դաստիարակ, ուսուցիչ, խորհրդատու, հովանավոր
- նոմինալ – անվանական
- պերսպեկտիվ(ա) – հեռանկար
- պլանետարիում – աստղացուցարան
- պրոտեժե – հովանավորյալ
- պրոտեկցիա – հովանավորություն, պաշտպանություն
- սելեկտիվ – ընտրովի, ընտրանքային, ընտրողական
- սուբորդինացիա – ենթակայություն, ստորադասություն, ստորակարգություն
- ստագնացիա – լճացում
- ստաժ(յ)որ – փորձնակ
- սքոլըրշիփ – կրթաթոշակ
- վակցինացիա – պատվաստում
- վերիֆիկացիա – 1. ստուգում, 2․ հաստատում, վավերացում
- տաբու – 1․ արգելք, արգելանք, 2․արգելադրում, 3․ արգելաբառ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել