HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Մելքոնյանը՝ սնանկ ճանաչվելուց մինչև պատգամավորի թեկնածու

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ, «Ազատամարտիկների դաշինք» վարչության խորհրդի անդամ Գուրգեն Մելքոնյանը (հանրությանը հայտնի է Գագիկ անունով: Գուրգենն անձնագրային անունն է) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել է պատգամավոր: Նա զբաղեցնում է ցուցակի 16-րդ համարը: Առայժմ հայտնի չէ` Մելքոնյանը կգնա խորհրդարան, թե՞ մանդատից կհրաժարվի՝ ակնկալելով պաշտոն գործադիր մարմնում:

Ուսումնասիրելով Մելքոնյանների ունեցվածքը՝ պարզեցինք, որ օրենսդիր մարմնում հայտնվելու հայտ ներկայացրած Գուրգեն Մելքոնյանը վերջին տարիներին դատական գործընթացների մեջ է եղել, կորցրել է տունը, սնանկ ճանաչվել և այլն:

Արմավիրի մարզի Արաքս համայնքի (Էջմիածնի նախկին տարածաշրջան) վարչական տարածքում՝ բնակելի հատվածից հեռու, տեխնիկայի գործադրմամբ ավազ է տեսակավորվել: Տեղացիներն ասում են, որ այն «Գագիկ Մելքոնյանի հանքից է բերվել»: Սակայն, Գագիկ Մելքոնյանի կամ նրա ընտանիքի անդամների անունով գրանցված ավազի հանք չկա:

Արաքսի համայնքապետ Վարդան Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ ավազը տեսակավորել են Մելքոնյանները՝ «Արաքսի ավազան» ՍՊԸ-ի միջոցով, սակայն այժմ չեն աշխատում:

«Ահագին ժամանակ է՝ չեն աշխատում»,- ասաց Վ. Գրիգորյանը:

«Արաքսի ավազան» ՍՊԸ-ի միակ բաժնետերը երևանաբնակ Գրիգոր Պետրոսյանն է, իսկ տնօրենը՝ Հայկաշեն համայնքի բնակիչ Գագիկ Ավդալյանը: Վերջինս 2008-2011թթ. տնօրեն է աշխատել նաև Գուրգեն Մելքոնյանի որդուն՝ Կարեն Մելքոնյանին պատկանող «Գագվաս» ՍՊԸ-ում:

Գ. Ավդալյանը 2015-2018թթ. եղել է նաև «Լիլի-Արման» ՍՊԸ-ի տնօրենը: Ընկերությունը դարձյալ ավազի արդյունահանմամբ է զբաղվում Արաքս համայնքի տարածում:

«Լիլի-Արման» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Արաքս համայնքի բնակիչ Աղվան Մելքոնյանն է: Վերջինս Գուրգեն Մելքոնյանի ազգականն է: Արաքսում նաև այս հանքն են վերագրում պաշտոնաթող գեներալին:

Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հրապարակած տեղեկատվության՝ «Արաքսի ավազան» ՍՊԸ-ն ավազ արդյունահանելու թույլտվություն ունի Մարգարա համայնքի տարածքում:

«Արաքսի ավազան» ՍՊԸ-ն Մարգարայում վարձակալության պայմանագիր կնքել է 2009թ.-ին: Օգտագործում է 4 հա տարածք, որի համար տարեկան վճարում է 424 հազար դրամ:

Նշենք, որ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի դիմումով «Արաքսի ավազան»-ը սնանկ է ճանաչվել դեռևս 2016թ. նոյեմբերին: Մինչդեռ դրանից հետո էլ ընկերությունը ավազ է արդյունահանել, իսկ նախորդ տարի ամռանը Արաքսի տեսակավորման արտադրամասը գործել է:

«Արաքսի ավազանը» տնից զրկեց Մելքոնյաններին

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Էջմիածնի մասնաճյուղի և «Արաքսի ավազան» ՍՊԸ-ի միջև 2011թ. հոկտեմբերին կնքվել է առևտրային վարկի պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությանը տրամադրվել է 150.000 ԱՄՆ դոլար վարկ: Որպես վարկային պարտավորության կատարման ապահովման միջոց գրավադրվել է Գուրգեն Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Նոյ թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող բնակելի տունը՝ 683,1 քմ ընդհանուր մակերեսով, սաունան՝ 40,2 քմ, ջրավազանը՝ 40 քմ և այլն, ինչպես նաև բնակելի տան կառուցապատման հողամասը՝ 0,27476 հա ընդհանուր մակերեսով:

Նույն վարկային պարտավորության ապահովման համար գրավադրվել է նաև Գուրգեն Մելքոնյանին պատկանող ք. Էջմիածին, Կամոյի փողոցի թիվ 27 հասցեում գտնվող գործարանը՝ 1064,8 քմ ընդհանուր մակերեսով, պահեստը՝ 220,8 քմ, ճաշարանը, սառնարանը՝ 411,4 քմ, ծածկոցը՝ 527,1 քմ, արտադրամասը՝ 6512,9 քմ, պահակատունը, խանութը՝ 97,9 քմ, պահեստը, կաթսայատունը՝ 330,7 քմ, արտադրամասը՝ 2707,7 քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև գործարանի կառուցման համար հողամասը՝ 0,96 հա:

Այս գործարանը խորհրդային տարիներին պատկանել է «էջմիածնի «էլեկտրոն գործարան» ՓԲԸ-ին: Նշենք, որ Երևանի հաշվողական մեքենաներ արտադրող գործարանի բազայի վրա 1974թ.-ին կազմավորվել է «էլեկտրոն» հայկական արտադրական միավորումը («էլեկտրոն» ՀԱՄ), որը ներառել է էջմիածնի գործարանը, Երևանի և Կապանի մասնաճյուղերը:

IMG_20210630_113608.jpg (150 KB)
էջմիածնի «էլեկտրոն» գործարանի շենքը

Օրենքի ուժով նշված գույքերի համասեփականատեր Սիլվա Մելքոնյանը գրավադրման համար տվել է իր համաձայնությունը:

«Արաքսի ավազան» ՍՊԸ-ն թույլ է տվել պայմանագրային պարտավորությունների կետանց, ինչի հետևանքով Բանկը դիմել է ՀԲՄ «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկ ընդդեմ «Արաքսի ավազան» ՍՊԸ-ի, Գուրգեն Մելքոնյանի և Կարեն Մելքոնյանի՝ համապարտության կարգով գումար բռնագանձելու պահանջով: Հայցը բավարարվել է, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. որոշմամբ Արբիտրաժային տրիբունալի վճիռը ճանաչվել է պարտադիր:

Ընթացքում չկատարած վարկային պարտավորությունների պատճառով գումարի չափն ավելացել է, կողմերը կնքել են հաշտության համաձայնագիր, որպեսզի վարկը մարեն: Դարձյալ խախտվել է վճարման ժամանակացույցը, ինչից հետո նշված գույքերի վրա բռնագանձում տարածելու պահանջով 2015թ. «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը դիմել է դատարան:

2015թ. դեկտեմբերի 23-ին բռնագանձում է տարածվել Մելքոնյաններին պատկանող և գրավի առարկա հանդիսացող գույքի վրա:

Բանկը 2019թ. հուլիսին գույքն ապօրինի տիրապետողներին վտարելու դատական պահանջ է ներկայացրել Մելքոնյանների դեմ: 04.09.2020թ. դատարանում կողմերը կնքել են հաշտության համաձայնագիր, և Բանկը համաձայնել է Մելքոնյաններին տրամադրել ժամկետ մինչև 01.02.2021թ. և միջոցներ չձեռնարկել Նոյ թաղամաս թիվ 4 հասցեում գտնվող բնակելի տնից վտարելու մասով: Ժամկետը լրանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, Մելքոնյանները պարտավորվել են ազատել արդեն բանկին պատկանող առանձնատունը:

Դատարանի 04.09.2020թ. վճռի դեմ 12.04.2021 թ. նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք են ներկայացրել Գուրգեն Մելքոնյանը, Սիլվա Մելքոնյանը, նրանց հարսը՝ Թամարա Ավագյանը և Կարեն Մելքոնյանը՝ որպես անչափահաս դստեր օրինական ներկայացուցիչ:

Որպես նոր երևան եկած հանգամանքներ բողոք բերած անձինք մատնանշել են Գուրգեն Մելքոնյանի՝ 27.09.2020թ. սկսված արցախա-ադրբեջանական պատերազմում ռազմական գործողություններին մասնակցելու մասին: Նշել են, որ 29.09.2020թ. մինչև պատերազմական գործողությունների ավարտը գտնվել է առաջնագծում:

Որպես նոր երևան եկած հանգամանք են նշել նաև այն, որ Կարեն Մելքոնյանի կողմից «Արաքսի ավազան» ՍՊԸ-ին 02.03.2021թ. փոխանցվել է 35,000 ԱՄՆ  դոլար, իսկ 02.04.2021թ.՝ 49,500 ԱՄՆ դոլար:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված չէ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը», և բողոքը վերադարձրել է:

Նշենք, որ Կամոյի 27 հասցեի գույքն այսօր վաճառվում է: Հայտարարություններ են տեղադրվել, թե «Ակբա» բանկի կայքէջում, թե list.am հայտարարությունների կայքում: Վաճառքի նախնական գինը 700 մլն դրամ է:

Կառավարության 1997թ. ապրիլի 4-ի թիվ 67 որոշմամբ սեփականաշնորհվել է 108 մլն 546 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «էջմիածնի «էլեկտրոն» գործարան» ՓԲԸ-ի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «էլեկտրոն» ԲԲԸ-ի:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն էլ 2018թ. դիմել էր դատարան Գուրգեն Մելքոնյանին սնանկ ճանաչելու պահանջով: Նա չէր կատարել գույքահարկի, հողի հարկի և աղբահանության գծով իր պարտավորությունները, որի արդյունքում գույքահարկի գծով պարտքը կազմել է մոտ 1 մլն 64 հազ. դրամ,  հողի հարկի գծով՝ 103 հազար դրամ, աղբահանության մասով՝ 31 հազ. դրամ: Դատարանը Գուրգեն Մելքոնյանին 2018թ. դեկտեմբերի 10-ին սնանկ է ճանաչել: Ընթացքում Մելքոնյանը կատարել է պարտավորությունները և 2020թ. հունիսի 1-ին սնանկության վերաբերյալ գործն ավարտվել է, իսկ Գուրգեն Մելքոնյանը համարվել՝ ֆինանսապես առողջացած:

Գործի քննության ընթացքում, երբ հետախուզում է հայտարարվել Գ. Մելքոնյանի գույքի նկատմամբ հայտնաբերվել է համատեղ սեփականության իրավունքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Շահումյանի անվան կոլտնտեսության թաղամասի թիվ 140 և 141 հողատարածքները, Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում՝ հողամասեր և թիվ 5 փողոցի հարևանությամբ գտնվող առանձնատունը:

Թիվ 140 և 141 հասցեների հողամասերը բնակելի կառուցապատման են: Համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ամուսիններին՝ Գուրգեն Մելքոնյանին և Սիլվա Մելքոնյանին: Սեփականության իրավունքը գրանցվել է 2003-2004թթ.-ին:

78255 (1).jpg (896 KB)
Հայկաշենում գտնվող առանձնատունը

Ինչ վերաբերում է Հայկաշեն համայնքում գտնվող առանձնատանը, ապա այն դարձյալ ամուսինների համատեղ սեփականությունն է: Տունն ունի երկու ջրավազան, մառան, թոնրատուն, անասնաշենք, ջերմոց: Սեփականության իրավունքը գրանցվել է 2007թ. դեկտեմբերի 29-ին: Այդ ժամանակ Գ. Մելքոնյանը եղել է պաշտպանության փոխնախարար: Պաշտոնից ազատվել է 2008թ-ին:

Մելքոնյանները հողատարածքներ ունեն նաև Գեղարքունիքի մարզում: 

Մելքոնյանների ընտանիքի չստացված բիզնեսը

Գուրգեն Մելքոնյանի ընտանիքի անդամները տարբեր ընկերություններում բաժնետերեր են: Սակայն, ընկերությունների մի մասը լուծարվել կամ գործունեությունը դադարեցվել է՝ չկատարած հարկային և վարկային պարտավորությունների պատճառով: Այլ կերպ ասած՝ Մելքոնյանները ժամանակին չեն վճարել հարկերը:

«Գոհար-Ս» ՍՊԸ 

Ընկերությունը 2021թ. փետրվարի 16-ին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իրականացրել է լուծարման մասին գրանցում: Մինչ այդ ընկերության միակ բաժնետերը եղել է Գուրգեն Մելքոնյանի որդին՝ Կարեն Մելքոնյանը:

«Գոհար-Ս»-ն ՊԵԿ-ում չի կատարել իր հարկային պարտավորությունները, որը կազմել է մոտ 20 մլն դրամ: Ուշագրավն այն է, որ ՊԵԿ-ը դիմել է հարկադիր ծառայության, սակայն հարուցված վարույթի շրջանակում անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

Դրանից հետո ՊԵԿ-ը դիմել է Սնանկության դատարան՝ «Գոհար-Ս» ՍՊԸ-ին հարկադիր կարգով սնանկ ճանաչելու պահանջով: Դիմումը բավարարվել է: Սնանկության դատարանի 2020թ. փետրվարի 14-ի վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել և լուծարվել է:

Նշենք, որ «Գոհար-Ս» ՍՊԸ-ի կանոնադրային կապիտալը կազմել է 35 մլն 550 հազար դրամ: Սակայն, հայտնի չէ, թե ինչ գործունեություն է իրականացրել: Պետեկամուտների կոմիտեի բաց աղբյուրներում որևէ հիշատակում չկա գործունեության մասին:

«Թոփ գազ» ՍՊԸ

Այս ընկերությունը ևս լուծարվել է՝ համաձայն «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքի: Լուծարումը գրանցվել է 2017թ.-ին:

Ընկերության բաժնեմասերի 50% պատկանել է Կարեն Մելքոնյանին, մյուս 50%-ը՝ երևանաբնակ Սուրեն Խաչատրյանին:

«Գագվաս» ՍՊԸ

Ընկերությունը զբաղվել է անշարժ գույքի հետ կապված գործարքներով: Հիմնադրվել է 2005թ.-ին: Ընկերության միակ բաժնետերը Կարեն Մելքոնյանն է, իսկ տնօրենը Կարենի մայրն է՝ Սիլվա Մելքոնյանը: Ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:

«Կամին» ՍՊԸ 

Ընկերությունը հիմնադրվել է 2014թ.-ին՝ Գուրգեն Մելքոնյանի որդու՝ Կարեն Մելքոնյանի կողմից: Նա մինչև 2015թ. փետրվարը եղել է ընկերության հիմնադիրը: Դրանից հետո ընկերության միակ բաժնետերը կինն է՝ Թամարա Ավագյանը:

«Կամին» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն Էջմիածին քաղաքն է: «Կամին»-ը հարկային մարմնում հաշվառված է որպես հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործմամբ զբաղվող ընկերություն, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

«Գեղարդի ոսկե աքաղաղ» 

Ընկերութունը հիմնադրվել է 2007-ին՝ Կարեն Մելքոնյանի կողմից: Վերջինս 2015թ.-ին դուրս է եկել ընկերությունից՝ այն փոխանցելով եղբոր՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանի կնոջը՝ Դիանա Մելքոնյանին: Վերջինս ընկերության միակ բաժնետերն է:

«Գեղարդի ոսկե աքաղաղ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող հյուրանոցային և ռեստորանային համալիր է: Ընկերության իրավաբանական հասցեն Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղն է, և ըստ հարկային մարմնում առկա տեղեկատվության, «Գեղարդի ոսկե աքաղաղը» գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է: Ընկերությունը 2019թ.-ին սնանկ է ճանաչվել:

Զանգահարեցինք ռեստորանային համալիր։ Պարզվեց, որ ոչ միայն գործունեությունը չի դադարել, այլև ակտիվ գործում է, պատվերներ ընդունում։ Ներկայացել ենք որպես հաճախորդ։ Աշխատակիցը պատվեր ընդունելու համար խնդրեց, որ շուտ դիմենք, քանի որ այս ամիսներին տեղերը զբաղված են լինում։ Տեղեկացանք նաև, որ Գուրգեն Մելքոնյանն անձամբ է ղեկավարում համալիրը, աշխատակցի խոսքերով՝ նա է տնօրենը։

«Ակվա Տրիո» ՍՊԸ

Ընկերությունը հիմնադրվել է 2009թ.-ին և միակ բաժնետերը Գուրգեն Մելքոնյանն է:

Ընկերությունն արտադրել է թթվածնով հարստացված շշալցված խմելու ջուր: Ըստ հարկային մարմնի՝ «Ակվա Տրիո» ընկերության գործունեությունը դադարեցված է:

Մելքոնյանի պաշտոնյա որդու ունեցվածքը

Գուրգեն Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը, 2019թ. օգոստոսից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետն է: Մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնը:

Որպես պաշտոնատար անձ՝ Արման Մելքոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր: Ըստ այդմ՝ 2020թ. ՔԿՀ պետն ունեցել է 4 միավոր հողամաս՝ Արմավիրի մարզի Հայկաշեն, Ջրառատ, Կոտայքի մարզի Առինջ, Մեղրաձոր համայնքներում: Բոլոր հողամասերը գնել է, իսկ թե երբ՝ պաշտոնյան տարեթվերի փոխարեն զրոներ է գրել:

2020թ.-ին ամբողջությամբ չի արտացոլվել պաշտոնյայի գույքը, քանի որ 2019-ին հայտարարագրել էր նաև մեկուսի ջրային օբեկտներ և հողամասեր Ջրառատ համայնքում, հողամասեր Մարմարիկ, Աղավնաձոր, Առինջ համայնքներում: Բոլորն էլ նվիրատվություն են եղել:

Արման Մելքոնյանը հայտարարագրել է 25 մլն դրամ և 20 հազ. դոլար կանխիկ գումար: Իսկ եկամուտը կազմել է մոտ 8 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Արման Մելքոնյանի կինը՝ Դիանա Մելքոնյանը, աշխատում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկում, և 2020թ. նրա միակ եկամուտը եղել է ստացած աշխատավարձը՝ 618 հազ. դրամ: Նրա հայտարարագրի մյուս տողերը դատարկ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter