Անհետ կորածների հիշատակի օր Եռաբլուր զինվորական պանթեոնում
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհետ կորածների հարազատներ ու մարտական ընկերներ:
Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ Անհայտ կորածներին նվիրված հուշարձանի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ:
ՊՆ խորհրդական Վարդան Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես սատար է լինելու բոլոր այն զինծառայողների ընտանիքներին, ում ճակատագրերն անհայտ են, սակայն հայտնի է Հայրենիքն անմնացորդ նվիրումով պաշտպանելու նրանց սխրանքը։
«Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանն իր երախտիքի խոսքն է հայտնել ՊՆ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներին, ներկաներին և բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում Հայրենիքի պաշտպանության համար մղված պայքարում անհայտ կորած տղաների ճակատագրերը բացահայտելու ուղղությամբ։
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Անհետ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով Հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել