HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում ընթերցվել է 13 գերու գործով մեղադրական եզրակացությունը

Բաքվի դատարանում հունիսի 29-ին շարունակվել է 13 հայ գերու գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությոնների և այլ հանցագործությունների իրականացման մեջ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մեղադրյալի կարգավիճակում են գերիներ Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թուսանյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։

Trend գործակալությունը հայտնում է, որ դատական նիստի ընթացքում դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը։ Այնտեղ նշվում է, թե իբր մեղադրյալներն ապօրինաբար ձեռք են բերել հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր ու սարքավորումներ։ Նախորդ տարվա նոյեմբերի 17-ին նրանք իբր ապօրինաբար զբաղեցրել էին Հադրութի անտառներում գտնվող դիրքերը և սադրիչ ահաբեկչական գործողություններ իրականացրել տնտեսությունների, հաստատությունների, ինչպես նաև առանձին անձանց ուղղությամբ։ 

Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր, նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։

Այսօր կայացել է նաև 14 հայ գերու գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում վերջիններս վկայություններ էին տվել։ Մեղադրյալի կարգավիճակում են գերիներ Գեղամ Սերոբյանը, Հրաչ Ավագյանը, Արմեն Բաղասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասետրյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինոսյանը, Մկրտիչ Մինոսյանը, Էդգար Մաթեսյանը և Յուրի Կարապետյանը։ Նրանք հայտարարել են, որ նոյեմբերի 26-ին Գյումրու զինկոմիսարիատից շարժվել են Լաչին, իսկ հաջորդ օրն առավոտյան փոխգնդապետ Արսեն Ղազարյանը նրանց տարել է մի լեռան մոտ, որտեղ պիտի տեղի ունենար ստորաբաժանումների հերթափոխ։ Գերիները հայտարարել էին, որ ռուս խաղաղապահները Լաչինի մոտ իրենց չեն ստուգել։ 

Լուսանկարները՝ Trend և Apa գործակալությունների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter