ԱՆ. Երևանի թիվ 42 դպրոցի աշակերտներից տասը բացակայում է ջրծաղկի պատճառով
Ներկայումս հանրապետությունում ջրծաղկի համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Հիվանդացության մակարդակը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է:
Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է ջրծաղկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգի իրականացումը, որի արդյունքները վկայում են այն մասին, որ 2012 թվականի հունվարից դիտվում է ջրծաղկով հիվանդացության աստիճանաբար նվազում:
Ինչ վերաբերում է մանկական կազմակերպություններում ջրծաղկով հիվանդացությանը, ապա հարկ է նշել, որ բռնկումներ չեն արձանագրվել, արձանագրվում են հատուկենտ դեպքեր, որոնց տեղայնացման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Նշենք, որ ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային ծագման, օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություն է: Այն օժտված է բարձր վարակելիությամբ և տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղիկով մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը՝ մանկական տարիքում:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսն անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է:
Հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթև, հատկապես մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր: Սկզբում դիտվում է 1 օր տևողությամբ ընդհանուր նախանշանների շրջան, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավով, ախորժակի կորստով, ոչ շատ բարձր ջերմությամբ, ապա սկսվում է ցանավորման շրջանը՝ ջերմության բարձրացում, բշտիկավոր ցան ամբողջ մարմնի շրջանում:
Հիվանդը վարակիչ է մինչև վերջին կեղևի ընկնելը: Կեղևները թափվում են 6-8-րդ օրը, որից հետո մնում է սպի: Կարող են լինել նաև ոչ բնորոշ ախտանշաններով՝ անցան ձևեր:
Ջրծաղիկը բարորակ հիվանդություն է, սակայն շատ փոքր տոկոս դեպքերում իմուն համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ կարող են զարգանալ բարդություններ՝ երկրորդային վարակի միանալու հետևանքով մաշկային բորբոքումներ, հազվադեպ՝ ջրծաղկային թոքաբորբ, նյարդաբանական խանգարումներ և այլն: Ծանր է ընթանում նաև բնածին ջրծաղիկը:
Ինչ վերաբերում է Երևանի թիվ 42 դպրոցում ջրծաղկի իրավիճակին, ապա պետք է նշել, որ դպրոցում ուսանում է 390 աշակերտ 22 դասարանում: Տնօրինության կողմից իրականացվում է բացակայությունների և, մասնավորապես, ջրծաղկի դեպքերի արձանագրման օրական մոնիթորինգ: Ներկայում առկա է 10 բացակա ջրծաղկի կապակցությամբ: Դեպքերն արձանագրվել են տարբեր դասարաններում:
Քանի որ ջրծաղիկը չունի միայն այս հիվանդությանը բնորոշ առանձնահատուկ կանխարգելման միջոցներ, կիրառվում են օդակաթիլային հիվանդություններին բնորոշ ընդհանուր միջոցառումներ. դասարաններում կատարվում են հաճախակի օդափոխություն, ընդհանուր հիգիենիկ միջոցառումներ:
Իրավիճակը չի կարող բնորոշվել որպես բռնկում կամ, առավել ևս, համաճարակ, հետևապես սահմանափակող միջոցառումներ, այդ թվում կարանտին չի առաջարկվում: Ներկայում դպրոցում իրականացվում է շարունակական հսկողություն:
ՀՀ առողջապահության նախարարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել