Բացահայտվել է «Ֆեյսբուքում» առանց լիցենզիայի դեղամիջոցների առևտուր իրականացնելու դեպք
Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարություններ է տեղադրվում։ Այս մասին հայտնում է պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։
Իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ՊԵԿ-ը պարզել է, որ սոցիալական ցանցի նշված էջը պատկանում է Երևանի բնակչուհու: Անմիջական գործարքի գնալով կասկածելի գործով զբաղվողների հետ և որպես գնորդ ներկայանալով` ՊԵԿ աշխատակիցները կանխիկ եղանակով ձեռք են բերել 12 տուփ Հայաստանում չգրանցված ADVIL դեղամիջոց։
ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ քաղաքացի Ա.Կ.-ն, ստանալով պատվերը, էլեկտրոնային եղանակով վճարման միջոցով ապրանքներ է ձեռք բերել AMAZON առցանց խանութ-հարթակից և տեղափոխել Հայաստան: 2020 թվականի դեկտեմբերին քաղաքացին ստեղծել է նաև VITAMINNER.COM ֆեյսբուքյան էջը և մինչև 2021 թվականի հունիս ամիսն իրացրել է 385 000 դրամի վիտամիններ և դեղամիջոցներ։
«Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն՝ դեղամիջոցների առևտուրը ՀՀ-ում ենթակա է լիցենզավորման: Մինչդեռ քաղաքացին, չունենալով պետական գրանցում և հաշվառված չլինելով հարկային մարմնում, իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:
Կատարվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասը լիարժեք պարզելու նպատակով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել