
Բաքվում շարունակվում է Էդուարդ Դուբակովի գործով դատավարությունը
Բաքվում հունիսի 30-ին շարունակվել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի գործով դատավարությունը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վերջիններիս պնդմամբ Դուբակովը` Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հանդես է եկել հայկական կողմի օգտին։
Trend գործակալությունը հայտնում է, որ դատավարությունն ընթանում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ։ Դուբակովին ադրբեջանական կողմն առաջադրել է մի քանի շինծու մեղադրանք։ Նա մեղադրվում է, իբր, ահաբեկչական գործողությունների իրականացման, հանցավոր համաձայնության, Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման մեղադրանքներով։
Էդուարդ Դուբակովը երկրորդ օտարերկրյա քաղաքացին է, որը ՀՀ քաղաքացիներից զատ, Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում շինծու մեղադրանքով դատապարտվում է Բաքվում։ Ավելի վաղ, Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Լիբանանի քաղաքացի, հայազգի Վիգեն Էուլջեքջյանին։ Առաջին հինգ տարին նա կանցկացնի բանտում, իսկ մնացած 15 տարին՝ խիստ ռեժիմով ուղղիչ հաստատությունում։
Դուբակովի գործով առաջին դատական նիստը կայացել էր հունիսի 23-ին, նա կալանավորված է 2021 թվականի հունվարի 18-ից։
Լուսանկարը՝ Trend գործակալության
Մեկնաբանել