HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և կարևորել համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՄԽ համանախագահությունը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես միջնորդ ԼՂ բանակցային գործընթացում, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայում ունենք մի իրադրություն, երբ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործունեությունը և այդ իրադրությունը կառավարելու գործում կարևորվում է ոչ միայն համանախագահների, այլև ԱՄՆ դերակատարությունը:

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, դեսպան Լին Թրեսյին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս բարեփոխումների օրակարգի առաջնահերթություններն առաջ մղելու նպատակով: Այդ առումով առանցքային է համարվել փոխգործակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրական գործընթացների զարգացման ոլորտներում:

Դեսպանը նշել է նաև ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեությանը՝ բանակցային ձևաչափի վերականգնման ու հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով:

Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնային նշանակություն են շարունակում մնալ կոռուպցիայի դեմ պայքարը և այդ գործում գործադիրն առաջնորդվելու է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ: Վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթությունների թվում նշել է նաև դատական համակարգի բարեփոխումը և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին այն իրապես կլինի անկախ: Նա նաև կարևորել է Զինված ուժերի, կրթության բնագավառի բարեփոխումները, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը, թվայնացման գործընթացը, որը կրելու է ինտենսիվ բնույթ:

Նիկոլ Փաշինյանն ու դեսպան Թրեյսին անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով և հիշեցրել, որ հարցի լուծման նպատակով ավելի վաղ հանդես է եկել նաև համապատասխան առաջարկով: Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերը Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցում և հավելել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter