HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՆ-ում քննարկվել է Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը. բնակչությունը կո՞ղմ է շահագործմանը

ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետները, «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ ներկայացուցիչները, ընկերության նախագահ Թիմ Քաուլինգի գլխավորությամբ, բնապահպանական հասարակական կազմակերպություններ, ազդակիր համայնքների ղեկավարներ և բնակիչներ, ինչպես նաև լրատվամիջոցներ:

Ծրագիրը ներկայացրեց ընկերության նախագահը, որի դիտարկմամբ Ամուլսարի շահագործումը չի առաջացնելու բնապահպանական խնդիրներ, քանի որ աշխատանքները իրականացվելու են համաշխարհային բարձր ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև տեղեկացրեց, որ Ամուլսարի շահագործումը կապահովի 300 մշտական աշխատատեղ, կիրականացվի շուրջ 5000 բարդու և կեչու ծառատունկ:

Անկախ փորձագետները ներկայացրին իրենց իրականացրած ուսումնասիրությունները: Նշվեց նաև, որ նախագիծն անցել է երկու հասարակական լսման փուլ:

Ազդակիր համայնքների ղեկավարներն իրենց խոսքում նշեցին, որ բնակչությունը կողմ է հանքի շահագործմանը, և որ մշտական աշխատատեղերի առկայությունը կանխել է արտագաղթը, ինչպես նաև աճել է ծնելիությունը:

Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտնեցին իրենց մտահոգությունները տվյալ տարածքում կենսաբազմազանության, հատկապես կարմիր գրքում գրանցված կենդանիներին և բույսերին սպառնացող վտանգների, փոշու բարձր տոկոսների առկայության, Սևանա լճին սպառնող ռիսկերի, ինչպես նաև տուրիզմի զարգացմանը խոչնդոտելու հարցերի վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց.

1. Ծրագիրը ուղղարկել կարծիքի Սևանի հարցերով հանձնաժողով, քանի որ այն առնչություն ունի Սևանի ավազանի հետ:

2. Կազմակերպել հասարակական լսումներ Ջերմուկ քաղաքում:

3. Նախարարությունում ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավելով համապատասխան մասնագետների, որոնք կզբաղվեն բարձրացված հարցերի ուսումնասիրմամբ, ինչպես նաև առաջարկեց բնապահպանական հասարակական կազմակերպություններին երկշաբաթյա ժամկետում գրավոր առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter