
ԱՁ-ների և նոտարների դրոշմանիշային վճարները կնվազեն
Խորհրդարանն արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արտակ Մանուկյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այն ընդունվեց 76 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագիծը ներկայացրեց պատգամավոր Գևորգ Պապոյանը, ում խոսքով՝ փոփոխություններով ավելի քան 33 հազար անհատ ձեռնարկատերի և նոտարների ֆինանսական բեռը նվազելու է:
Գործող կարգավորմամբ` ԱՁ-ների և նոտարների համար մինչև 1.2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային տարեկան վճարը 18 հազար դրամ է, փոփոխություններով առաջարկվում է մինչև 2.4 մլն հաշվարկման բազայի դեպքում սահմանել 18 հազար դրամ: 2.4-6 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 24 հազար դրամ: 6-12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում սահմանված 102 հազար դրամը կդառնա 48 հազար դրամ: 12 մլն դրամ և ավելի գումարի դեպքում` 180 հազար դրամի փոխարեն կսահմանվի 120 հազար դրամ:
Պապոյանն ընդգծեց, որ այս փոփոխությունները որևէ կերպ չեն վտանգում զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը, նախագիծը մշակելիս իրենց համար կարմիր գիծ է եղել հիմնադրամի գործունեության անխափանությունը:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ևս ընդգծեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել է շահագրիգիռ կողմերի հետ, և այդ տեսքով կառավարությունը կողմ է նախագծին:
Մեկնաբանել