HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

2021 թվականի 3,2% տնտեսական աճի փոխարեն կանխատեսվում է 6% աճ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 1-ի հերթական նիստում, մինչ օրակարգի քննարկումը, խոսել է 2021 թվականի տնտեսական աճի մասին։

Վերջինս նշել է, որ 2021 թվականի համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3.2 % տնտեսական աճ, բայց տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև:

«2021 թվականի համար կանխատեսվում է 6 % տնտեսական աճ: Բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավական հաջող իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, և այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում»,- հայտնել է վարչապետի պաշտոնակատարը, ապա խնդրել ՊԵԿ նախագահին ներկայացնել տվյալներ։ 

Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է 750.2 մլրդ դրամ՝ այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 մլրդ դրամ: 

«Ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտավորապես 697.7 մլրդ դրամ: Այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար ունենք 52.5 մլն դրամի գերակատարում: Սա այն պայմաններում, երբ 2021 թվականի առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց համապատասխան հարկատեսակների մասով վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ: Իսկ եթե համեմատենք վերադարձի գումարները նախորդ տարվա համեմատելի ժամանակաշրջանների հետ, ապա կարող ենք փաստել, որ 2020 թվականի ընթացքում նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 52 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 49 մլրդ դրամ ընդամենը: Այս տարբերության պայմաններում անգամ, գերակատարման բացարձակ տարբերությունը կազմել է 52.5 մլրդ դրամ»,- նշել է Հովհաննիսյանը։

ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ հավաքագրված եկամուտների մեջ իր ազդեցությունն է ունեցել դրոշմանիշային վճարների գծով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավելյալ հավաքագրված դրոշմանիշային վճարների ծավալը, որը զուտ տարբերությամբ կազմում է 9.2 մլրդ դրամ: 

Կառավարության անդամներն անդրադարձել են նաև գյուղմթերքի արտահանման ծավալներին։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշել է, որ  ծիրանի՝ մինչ այս պահը եղած արտահանումները կազմում են 21 000 տոննա՝ նախորդ տարվա 7200 տոննայի հետ համեմատած: 

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է, թե ինչպիսին է իրավիճակը 2019 թվականի համեմատ։

«2019-ին և 2020-ին համարյա նույն քանակի գյուղմթերք է արտահանվել, 2020 թվականին նույնիսկ մի փոքր՝ 2 % ավելի: Այնպես որ, այս տարի էապես ավելի լավ արդյունք է լինելու թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի նկատմամբ»,- հայտնել է Քերոբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter