HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ապօրինի շինությունների դեմ ուղղված նախագիծը մերժվեց

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գևորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գևորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Սերգեյ Ատոմյանի և Հայկ Ցիրունյանի հեղինակած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը», որով  առաջարկում է կանոնակարգել ապօրինի շինությունների հարցը: Ըստ նախագծի` նման նախագծի առկայության դեպքում Հայաստանում այլևս չեն կառուցվի ինքնակամ կառույցներ:

Նախագծի հիմնավորման համաձայն` նախորդ տարիներին ձևավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց շինարարության  թույլտվության, ապա դիմում համայնքի ղեկավարին` ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով: Ըստ հեղինակների` ինքնակամ շինությունների օրինականացումն ավելի արագ և ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը:

Ըստ Բաղդասարյանի` նախագծի ընդունումից հետո պետական կամ համայնքային պատկանելության  հողամասի վրա ինքնակամ կառուցված որևէ կառույց օրինականացման ենթակա չի լինելու և ապամոնտաժվելու է: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանն ասաց, որ հանձնաժողովում քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե արդյոք ուսումնասիրվել են նաև մարզերը, թե միայն Երևանի օրինակով է հարցն ուսումնասիրվել:

Ըստ նրա` այս փոփոխությունները կարող են խառնաշփոթ ստեղծել մարզերի համար: Նա հավելեց, որ փոփոխությունների շնորհիվ Երևանում այլևս դատավորները չեն կարողանա կասեցնել ապօրինի շինությունների քանդման որոշումներ: Երբ վարչական շրջանի ղեկավարը քանդման որոշում է կայացնում, դա պետք է իրագործվի:

Հովակիմյանի խոսքով` փաթեթում ներառված մյուս օրենքների կարգավորման հարցով կառավարությունը համապարփակ փաթեթ է մշակում, որով խնդրին լուծում կտրվի:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն էլ ասաց, որ թյուրիմացություն է եղել, հանձնաժողովականները մտածել են, թե քվեարկում են մեկ նախագծի փոփոխություններին, սակայն չէր կարող փաթեթից մայր օրենքը դուրս գալ և մնար միայն հարակից նախագիծը, ուստի առաջարկեց ձեռնպահ մնալ փոփոխություններից:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ խմբակցությունն ազատ կքվեարկի, քանի որ նախագծի գլխադասային հանձնաժողովի անդամների կարծիքները կիսվել են:

Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց 37 կողմ, 13 դեմ և 15 ձեռնպահ հարաբերակցությամբ` չստանալով նախագծի ընդունման համար անհրաժեշտ ձայներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter