
Բնակիչներն ահազանգում են. Նորքի անտառներն ամիսներ շարունակ չեն ոռոգվում, Հ1-ի շենքից կոյուղաջուր է թափվում անտառ
Հունիսի 24-ին «Հետքի» նկարահանող խումբը եղել է հեռուստաաշտարակի մոտ գտնվող Նորքի անտառում։
Տարածքում ապրող բնակիչները մտահոգված են՝ դժվարությամբ պահպանված անտառները չեն ոռոգվում։ Խիստ շոգ եղանակին ոռոգման բացակայությունը հրդեհների մեծ ռիսկ է առաջացնում։ Միայն հունիս ամսին անտառում արդեն երկու անգամ հրդեհ է բռնկվել։
Ասում են՝ դիմել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, բայց խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում։ Բնակիչները նաև պնդում են, որ չոռոգելու պատճառը ոչ թե ջրի բացակայությունն է, այլ կապված է ջրամատակարարի հետ, որը պարբերաբար կողպեքով փակում է ոռոգման պտուտակը։
«Հայանտառը» իր հերթին պնդում է, որ «Նորքի անտառում ոռոգման համակարգը անխափան աշխատում է», և որ «պարբերաբար իրականացնում են ոռոգման աշխատանքներ»։ Ըստ «Հայանտառի» տնօրենի տեղակալ Սիմոն Պետրոսյանի, «Հայանտառն» ունի պայմանագիր մատակարար կազմակերպության հետ և անհրաժեշտության դեպքում պատվիրում է ոռոգման ջուր և վճարում է դրա համար։
Անտառ կոյուղաջրեր են լցվում։ Բնակիչների պնդմամբ՝ դա Հ1-ի շենքից դուրս եկող կոյուղաջրերի մի մասն է։ Տարիներ առաջ վթար է եղել, որը այդպես էլ չի վերացվել։ Այս հարցը նույնպես երկար ժամանակ է, ինչ վերջնական լուծում չի ստանում, խնդիրը շտկելու բոլոր փորձերը եղել են ոչ լիարժեք։
Հ1-ի աշխատակիցը մեզ ասաց, որ անտառ թափվող կոյուղաջրերի վերաբերյալ լիարժեք տեղեկություններ չունեն և հորդորեց դիմել ջրահեռացումն իրականացնող ընկերություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանել