
Ո՞վ է Մաշտոցի այգում տեսախցիկ տեղադրել. հարց Տարոն Մարգարյանին
«Մենք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների անունից Մերի Խաչատրյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ճշտելու, թե ով է Մաշտոցի այգու ծառերից մեկի վրա մարտի 17-ին տեսախցիկ տեղադրել:
«Հարգելի պարոն քաղաքապետ,
Ինչպես Ձեզ հայտնի է, մեր քաղաքացիական նախաձեռնությունների անդամներս արդեն չորս ամիս է պայքարում ենք, որպեսզի Դուք որոշում կայացնեք Ձեր իսկ կողմից 2011թ. դեկտեմբերի 15-ին ընդունված «Երևանի Մաշտոցի պողոտա հ.22/1 զբոսայգում (Գլխավոր պողոտայի Մ. Մաշտոցի պող. և Ե. Կողբացի փողոցի միաջանկյալ հատված) «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ը տաղավարներ տեղադրելու թույլտվություն տրամադրելու մասին որոշումն ու դրանից բխող ճարտարապետահատակագծային առաջադրանքն ու հատակագծերը:
Սակայն մինչև օրս որևէ արձագանք և գործուն քայլեր չեն ձեռնարկվել Ձեր կողմից զբոսայգին ազատել այդ տաղավարներից (բուտիկներից): Մենք բազմիցս Ձեզ և լիազոր մարմիններին ներկայացրել ենք այն իրավական հիմքերն ու հիմնավորումները, որ նշյալ տաղավարները (բուտիկները) Երևան քաղաքի մեկ այլ հանրային տարածքում ապամոնտաժվելուց հետո չէին կարող հայտնվել Երևանի քաղաքի մեկ այլ հանրային տարածքում` զբոսայգում:
Հետաքրքրականն այն է, որ վերը նշված մեր օրինական և արդարացի պահանջը բավարարելու փոխարեն, Երևանի քաղաքապետարանը ՀՀ ոստիկանության ուժերի միջոցով մինչև օրս ջանասիրաբար հսկում և պաշտպանում է Մաշտոցի պուրակում (զբոսայգում) կառուցված տաղավարները (բուտիկները), ինչը մեզ համար շատ անհասկանալի է և անընդունելի:
Ավելին, բուտիկների պաշտպանության, թե մեզ վերահսկելու նպատակով, մեզ հայտնի չէ դրա նպատակը, զբոսայգու ծառերից մեկի վրա 17.04.2012թ. ցերեկը անհայտ անձանց կողմից տեղադրվել է տեսախցիկ: ՀՀ ոստիկանության ծառայությունից բանավոր մեզ հայտնեցին, որ այդ տեսախցիկն իրենց կողմից չի տեղադրվել և իրենց նույնպես հայտնի չէ, թե ով է այն տեղադրել:
Այժմ, դիմելով Ձեզ և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, ակնկալում ենք ստանալ Ձեր պարզաբանումներն ու տեղեկատվությունը հետևյալ հարցերի վերաբերյալ.
1) ո՞վ և ո՞ր կազմակերպությունն է տեղադրել այդ տեսախցիկը Երևանի Մաշտոցի պողոտա հ.22/1 զբոսայգում (Գլխավոր պողոտայի Մ. Մաշտոցի պող. և Ե. Կողբացի փողոցի միաջանկյալ հատված),
2) ո՞ր իրավական հիմքով և ի՞նչ նպատակով է այդ տեսախցիկը տեղադրվել հանրային զբոսայգում,
3) արդյո՞ք Երևան քաղաքի բոլոր զբոսայգիներում են տեղադրվել կամ արդեն իսկ տեղադրված են տեսախցիկներ, թե` ոչ,
4) եթե Երևանի քաղաքապետարանի կողմից է տեղադրվել, ապա տեղեկացնել ո՞րքան գումար է ծախսվել մեր քաղաքի բյուջեից»:
Մերի Խաչատրյան
«Մենք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների անունից
18.04.2012թ.
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել