Չինաստանում նշում են Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը
Չինաստանում տոնում են Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը։ Ի պատիվ դրա հուլիսի 1-ին Պեկինի Տյանանմեն կենտրոնական հրապարակում կայացել է հանդիսավոր արարողություն։ Չինաստանի առաջնորդ Սին Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը համաշխարհային գերտերություն դառնալու վերջնակետում է։
«Ընդմիշտ ավարտվել են այն ժամանակները, երբ Չինաստանը ենթարկվում էր հետապնդումների։ Կոմունիստական կուսակցությունը միլիոնավոր մարդկանց հանել է աղքատությունից և մեծ ներդրում ունեցել գլոբալ զարգացման մեջ»,- նշել է նա։ Սի Ցզինպինը հայտարարել է, որ միջազգային կարգի բանակի հետագա ստեղծումը կնպաստի պաշտպանել Չինաստանի ազգային շահերը։ «Չինացի ազգը երբեք թույլ չի տա օտարերկրյա ուժերին ծաղրել իրեն, ճնշել կամ ստրկացնել մեզ»,- հավելել է նա։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են հազարավոր արտիստներ, որոնք կատարել են հայրենասիրական երգեր։ Հրապարակի վրայով անցել են մարտական ինքնաթիռներ, իսկ ուղղաթիռները երկնքում կազմել են 100 թիվը։ Հազարավոր մարդիկ, առանց պաշտպանիչ դիմակների, եղել են հրապարակում։
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հիմնադրվել է 1921 թվականի ամռանը։ Դրա առաջին համագումարը կայացել է անօրինական կարգով, Շանհայում։ Ներկայումս չինական կոմկուսին անդամակցում է մոտ 95 միլիոն մարդ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել