HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱՄՆ բնակիչ հայերը տներ ու շքեղ գույք են գնել 18 մլն դոլարով, որը նախատեսված էր կորոնավիրուսի դեմ պայքարի համար  

ԱՄՆ ֆեդերալ դատարանի երդվյալ ատենակալները Լոս Անջելեսի Էնսինո (Encino) թաղամասի բնակիչ, ազգությամբ հայ երկու եղբայրների եւ նրանց հարազատներին մեղավոր են ճանաչել խարդախության եւ փողերի լվացման մեջ: Այս մասին հայտնում է ամերիկյան «CBS» հեռուստաալիքը:

Ամբաստանյալի աթոռին են հայտնվել 42-ամյա Ռիչարդ Այվազյանը, նրա կինը՝ 37-ամյա Մարիետա Տեր-Աբելյանը, եղբայրը՝ 41-ամյա Արթուր Այվազյանը, եւ վերջինիս կնոջ եղբայրը՝ 41-ամյա Վահե Դադյանը, ով Գլենդելի բնակիչ է: Արթուր Այվազյանը մեղավոր է ճանաչվել նաեւ ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալներ գողանալու մեջ:

Ըստ մեղադրանքը պաշտպանող դատախազների՝ այս հայերը թաքնվել են կեղծ ինքնության տակ, ներկայանալով օրինակ որպես «Յուլյա Ժադկո» եւ «Վիկտորիա Կաուիչկո», որպեսզի հայտ ներկայացնեն կորոնավիրուսի բացասական ազդեցությունը մեղմող տնտեսական աջակցության ծրագրերից օգտվելու համար: ԱՄՆ արդարադատության նախարարության համաձայն՝ հայտերում հաճախ օգտագործվել են կեղծ փաստաթղթեր, ինքնություններ, հարկային փաստաթղթեր ու վճարային տեղեկություններ:

Կորոնավիրուսին առնչվող աջակցության ֆոնդերից ստացած ավելի քան 18 մլն դոլարը ամբաստանյալները ծախսել են՝ Լոս Անջելեսի Տարզանա (Tarzana) թաղամասում, ինչպես նաեւ Գլենդել (Glendale) եւ Պալմ Դեզերտ (Palm Desert) քաղաքներում շքեղ տներ, ոսկե մետաղադրամներ, ոսկերչական զարդեր, թանկարժեք ժամացույցներ, կահույք, պայուսակներ, հագուստ եւ «Harley-Davidson» մոտոցիկլետ գնելու համար:

«Արագ հարստանալու նպատակով ամբաստանյալները յուրացրել են ֆեդերալ միջոցներ, որոնք նախատեսված էին COVID-19-ի համավարակից տուժած ամերիկացիներին օգնելու եւ համավարակից հետո ի հայտ եկած տնտեսական սպանդի դեմ պայքարելու համար»,- հայտարարել է դատախազ Թրեյսի Ուիլքինսոնը (Tracy L. Wilkinson):

Երդվյալ ատենակալները որոշել են, որ ամբաստանյալները պետք է զրկվեն իրենց բանկային հաշիվներից, թանկարժեք իրերից, ժամացույցներից, ոսկե մետաղադրամներից, երեք առանձնատնից եւ մոտ 450 հազ. կանխիկ միջոցներից: Միմյանց ազգական հայերին սպառնում է տասնամյակների ազատազրկում ֆեդերալ բանտում: Դատարանը վճիռը կկարդա սեպտեմբերի 13-ին:

Դատախազները հայտնել են, որ այս գործով անցնող եւս 4 հոգի արդեն ընդունել է մեղքը: Այդ անձանց թվում է Էնսինոյի բնակիչ, 39-ամյա Թամարա Դադյանը, ով Այվազյան եղբայրներից Արթուրի կինն է եւ Վահե Դադյանի զարմուհին: Թ. Դադյանն ընդունել է մեղքը բանկային խարդախության եւ կապի էլեկտրոնային միջոցներով կատարված խարդախության, ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալներ գողանալու եւ նախնական համաձայնությամբ փող լվանալու մեջ: 39-ամյա կնոջը սպառնում է մինչեւ 52 տարվա ազատազրկում ֆեդերալ բանտում: Վճիռը կընթերցվի սեպտեմբերի 27-ին:

Լոս Անջելեսի Սան Վելի (Sun Valley) թաղամասի բնակիչ, 46-ամյա Մանուկ Գրիգորյանն ու Գրանադա Հիլզ թաղամասի բնակիչ, 40-ամյա Էդվարդ Պարոնյանը, ինչպես նաեւ 41-ամյա գլենդելցի Արման Հայրապետյանը նույնպես ընդունել են մեղքը խարդախության, անձնական տվյալների գողության եւ փողերի լվացման մեջ: Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մի քանի տասնամյակի ազատազրկում, իսկ դատավճիռները կհրապարակվեն օգոստոսին եւ սեպտեմբերին:      

Լուսանկարում՝ Ռիչարդ եւ Արթուր Այվազյանները 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter