HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանում Չինաստանի դեսպանը հերքում է Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունը

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը լրագրողներին հերքել է նախօրեին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունը, համաձայն որի նախարար Միկայիլ Ջաբարովի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը հայտարարել էր, թե իբր Չինաստանը հետաքրքրված է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքով։ 

Նա նշել է, որ խոսել է Ադրբեջանում Չինաստանի դեսպանի հետ, որի ընթացքում վերջինս հերքել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունը՝ շեշտելով, որ ինքը նման բան չի ասել։ «Չինաստանը բարեկամական հարաբերություններ ունի և’ Հայաստանի, և’ Ադրբեջանի հետ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների ճանապարհով։ Դա բնականաբար պատերազմից նախընտրելի ուղի է»,- ընդգծել է Ֆան Յունը։ 

Դեսպանը նաև նշել է, որ պաշտոնական Պեկինը ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում կայունություն հաստատելու և երկու երկրների միջև խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Նա հույս է հայտնել, որ հայ ռազմագերիները շուտով կվերադառնան Հայաստան։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին այդ երկրի էկոնոմիկայի նախարարության հաղոդրագրությունն այն մասին, թե իբր Ադրբեջանում Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը կարող է իր ներդրումն անել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում։ Վերջինս Չինաստանի մեգանախագծերից մեկն է։ 

Ծրագրով նախատեսվում է կառուցել երկաթուղային և ցամաքային նոր ճանապարհներ, նավահանգիստներ և էներգետիկ ենթակառուցվածքներ, որոնք Չինաստանը կկապեն Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի հետ: Դրա ընդհանուր արժեքը կազմում է 1 տրիլիոն դոլար:

Ձախում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանը, լուսանկարը՝ ՀՀ Կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter