
ServiceTitan-ը նոր ընկերություն է ձեռք բերել. ընկերության արժեքը գնահատվում է 9.5 մլրդ դոլար
Այս տարվա մարտի 26 -ին հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan ընկերությունը հայտարարեց իր` 500 մլն դոլար ներդրման մասին, ընկերության ակտիվները գնահատվում էին 8.3 մլրդ դոլար: 3 ամիս անց ընկերությունը հայտնում է նոր՝ 200 մլն դոլար ներդրում ներգրավելու մասին: Այժմ ընկերության արժեքը գնահատվում է 9.5 մլրդ դոլար։ Ներդրումային այս փուլը գլխավորում է Thoma Bravo մասնավոր ներդրումային ընկերությունը։
ServiceTitan-ը Aspire Software ընկերությունը գնելու համաձայնագիր է ստորագրել, ինչի շնորհիվ մուտք է գործում նոր՝ կանաչապատման (landscaping) շուկա։ Գործարքը հաջողությամբ ավարտելուց հետո, կարելի է ասել, որ սա ընկերության՝ այլ ընկերություն գնելու երկրորդ դեպքն է այս տարվա ընթացքում։
«Եվ Aspire-ը, և ServiceTitan-ը ստեղծվել են լավացնելու համար կապալառուների կյանքն այն ոլորտներում, որոնք տարիներ շարունակ չեն ստացել տեխնոլոգիական նորարարական լուծումներ ու մոտեցումներ»,- ասում է ServiceTitan ընկերության համահիմնադիր և ղեկավար Արա Մահդեսյանը։
Վերջին երկու տարվա ընթացքում ServiceTitan ընկերությունը կրկնապատկել է իր ֆինանսական չափանիշները։ Տարեկան բաժանորդագրության եկամուտը 100 մլն դոլարից դարձել է 250 մլն դոլար, հաճախորդ ընկերությունների թիվը 2.500-ից դարձել է 7.500, իսկ վերջնական օգտատերերի թիվը 50.000-ից 100.000:
Ստացված ներդրումն ուղղված է լինելու ընկերության շարունակական աճն ապահովելուն, արտադրանքը բարելավելուն և թիմում լավագույն մասնագետներին ներգրավելուն։ Իսկ ընկերության հաջողության մասն է շարունակելու կազմել հայաստանյան գրասենյակը, որը շատ ակտիվ ընդլայնվում է ու աշխատանքային նոր մշակույթ ստեղծում Հայաստանում։ Ընկերությունն այս պահին ունի ավելի քան 1.600 աշխատակից. Հայաստանում աշխատակիցների թիվը հասնում է 180-ի։
ServiceTitan-ի հաջողությունը կարևոր է Հայաստանի համար. ներդրողները տեսնում են, որ ընկերությունը գրասենյակ ունի Հայաստանում, դրական վերաբերմունք են ձևավորում Հայաստանի տեխնոլոգիական համայնքի նկատմամբ։ Դա կարող է նպաստել, որ ներդրողներն իրենց պորտֆոլիո ընկերություններին խրախուսեն Հայաստանում ևս գրասենյակ ունենալ։
Լուսանկարում՝ ServiceTitan ընկերության հիմնադիրներ Արա Մահդեսյանը և Վահե Կուզոյանը՝ ծնողների հետ
Մեկնաբանել