HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը տեղի կունենա «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» ակցիան

Ապրիլի 20-ին «Նարեկացի» արվեստի միության երևանյան սրահում տեղի կունենա հասրակական համերաշխությանը միտված «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» ակցիան:

Ակցիայի օրը «Նարեկացի» արվեստի միությունը մեկ անվասայլակ և մեկ քայլակ է նվիրելու ողնաշարային վնասվածքով տառապող հաշմանդամ երկու արվեստագետի, ինչպես նաև գրենական ու նկարչական պիտույքների փաթեթ՝ «Հույսի կամուրջ», «Փրկություն», «Ծիլ բուսաց», «Շող», «Ունիսոն» հաշմանդամության հարցերով զբաղվող ՀԿ-ներին և Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնին:

«Զիգզագ» ՍՊԸ-ն նվիրաբերել է և միջոցառման օրը հաշմանդամություն ունեցող արվեստագետների կհանձնի 4 անվասայլակ և 4 հենակ: Գործարար Անդրանիկ Պողոսյանը տրամադրել է տեխնիկական մեծ հնարավորություններով օժտված թանկարժեք էլեկտրական անվասայլակ, որը կհանձնվի ողնաշարային լուրջ հիվանդությամբ տառապող երիտասարդ նկարչուհի Մոնիկա Սահակյանին:

Անհատ Լաուրա Էլբակյանի անունից մեկ անվասայլակ կհանձնվի հատուկ կարիքներով մարդկանց աջակցման «Շող» ստեղծագործական կենտրոնում սովորող արվեստագետ Համեստ Մկրտչյանին: Իսկ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը տրամադրել է 2 հենակ և նկարչական գրենական պիտույքներ, որոնք կհատկացվեն «Ծիլ բուսաց» մանկական ներդաշնակ զարգացման կենտրոնին:

Միջոցառման օրը «Նարեկացի» արվեստի միությունը մասնագիտական անակնկալ կմատուցի նաև հաշմանդամություն ունեցող երգիչ-կատարողներից կազմված «Փարոս» երգչախմբին, կուրություն ունեցող դաշնակահար Լևոն Կարապետյանին և վոկալիստ Ալեքսանդր Ժույկովին:

Նախաձեռնության գեղարվեստական մասում տեղի կունենան հաշմանդամություն ունեցող երաժիշտ կատարողների ելույթներից կազմված հոգևոր, դասական և ժողովրդական երաժշտության համերգ, ինչպես նաև տեսողական արվետներում ստեղծագործող արվեստագետների աշխատանքներից կազմված քանդակի և գեղանկարի ցուցահանդես:

Համերգային բաժնում ելույթ կունենան «Նարեկացի» ժողնվագարանների համույթը, հաշմանդամություն ունեցող կատարողների «Փարոս» երգչախումբը, դաշնակահար Լևոն Կարապետյանը, վոկալիստներ Ծովինար Պողոսեանը և Ալեքսանդր Ժույկովը՝ դաշնակահար Արթուր Հարությունյանի նվագակցությամբ:

Քանդակի և գեղանկարի ցուցադրության առանցքը կկազմեն գործարար Անդրանիկ Պողոսյանի գեղարվեստական քանդակները: Ցուցահանդեսին նաև ներկայացվելու են «Հույսի կամուրջ», «Փրկություն», «Ծիլ բուսաց», «Շող» կազմակերպություններում, ինչպես նաև Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնում ներգրավված, հաշմանդամություն ունեցող երիտասարդ և տարեց նկարիչների գեղարվեստական աշխատանքներ:

Միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն, Լիբանանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլահը, Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական Ֆաբիան Նեյրան, բազմաթիվ արվեստագետներ, հասարակական գործիչներ, գործարարներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՆԱՄ հասարակայնության հետ կապերի ղեկավար Դավիթ Իսաջանյանի տեղեկացմամբ՝ «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» գալա-հանդեսի համերգային բաժնի մուտքը հրավիրատոմսերով է, իսկ ցուցահանդեսինը' ազատ: Այն բաց կլինի մինչև ապրիլի 30-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter