Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը որոշել է սկսել Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։ Դրա անհրաժեշտությունը թելադրված է ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման և ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի թողարկման ժամկետների հաշվառման նկատառումով։
ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արտոնագրի ժամկետն ավարտվում է 2016 թ. սեպտեմբերի 1-ին՝ շահագործման նախագծային ժամկետի ավարտին՝ 30 տարի։
Մինչ այդ անհրաժեշտ է մշտապես բարձրացնել էներգաբլոկի անվտանգության մակարդակը և զուգահեռաբար իրականացնել դրա շահագործման ժամկետի երկարաձգման համար պահանջվող միջոցառումները։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է մինչև 2013 թ. մայիսի 5-ը կազմակերպել ծրագրի մշակման աշխատանքը, մինչև 2013 թ. օգոստոսի 1-ը գնահատել այդ աշխատանքի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, մինչև 2013 թ. սեպտեմբերի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը։
«Այս օրերին Հայաստանում է գտնվում նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։ Մենք հրապարակային դիմել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին՝ խնդրանքով, որ մեզ ցուցաբերեն օժանդակություն, որպեսզի գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգենք, ինչպես նաև նոր ատոմակայանի բլոկի կառուցման խնդրով, և մեկը մյուսին բացարձակապես պետք չէ հակադրել։ Երեկ մեր հանդիպման ժամանակ էլ մենք այս խնդիրը շատ հստակ ձևակերպել ենք, հայտնել մեր կառավարության պաշտոնական տեսակետը, և այն ամբողջությամբ ստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ աշխատակիցներին սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների ցանկը։ Որոշման նպատակն է Հայկական ԱԷԿ-ի առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներդնել սոցիալական երաշխիքների միասնական համակարգ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել