HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ն բացահայտ հայտարարում է. սահմանի հարցում մեզ վրա հույս չդնեք. մի կազմակերպության անփառունակ մայրամուտը

Հուլիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում սահմանին առկա լարումը (ի նկատի ունի Սև լճի մոտ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը) ընդամենը սահմանային միջադեպ է և չի ընկնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ։ Սա թերևս մայիսի 14-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմումի պաշտոնական պատասխանն է, ավելի շուտ մերժումը, որը հնչեցվում է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրթերով։

Ռազմական բլոկը, որը պատասխանատու է Հայաստանի սահմանների անվտանգության համար, փաստորեն բացահայտ հայտարարում է, որ այդ հարցում մեզ վրա հույս մի դրեք, մենք ուղղակի կողքից կհետևենք և հայտարարությունների մակարդակով կողմերին կոչ կանենք չսրել իրավիճակը։ Սա այն դեպքում, երբ հակամարտող կողմերից մեկը հենց այդ կառույցի անդամ է։ 

Զասն իր հայտարարության մեջ «սահմանային միջադեպ» եզրույթով փորձում է քող գցել իր իսկ գլխավորած ռազմական կառույցի պետական սահմանի խախտման փաստի վրա։ Դժվար է պատկերացնել, թե արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից որևէ մեկի պետական սահմանի խախտման պարագայում Ենս Սթոլթենբերգը հանդես կգար նման հայտարարությամբ։ Զասը պնդում է, որ ՀԱՊԿ-ն արձագանքում է, երբ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ագրեսիա է կիրառվում։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք երրորդ երկրի զինված ստորաբաժանումների կողմից ՀԱՊԿ անդամ պետության պետական սահմանի խախտումը չի հանդիսանում ագրեսիա այդ երկրի սուվերեն տարածքի նկատմամբ։ Էլ չեմ ասում, մայիսի 27-ին Գեղարքունիքում գերեվարված վեց զինծառայողների մասին, որոնք այդ պահին եղել են հայկական տարածքում։ Իսկ դրանից երկու օր առաջ էլ Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: Սա էլ ագրեսիա չի չէ՞։

Թե ինչու պարոն Զասը չի պատասխանում այս հարցերին, մնում է միայն կանխագուշակել։ Ակներև է, որ կուլիսներում քննարկվում է Ադրբեջանի այդ կառույցին և թե ոչ լիակատար անդամի, ապա դիտորդ կամ գործընկեր երկրի կարգավիճակով միանալու հարցը, ինչն էլ, հավանաբար, եղել է 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի գինը։ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ընդամենը երկու օր առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր է գործընկեր երկրի կարգավիճակ ունենալ ՀԱՊԿ-ում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համար կարևորը սահմանին զոհերի բացակայությունն է, թե չէ այդ ժամանակ, հաստատ, ստիպված կլինեին ինչ-որ ձևով միջամտել. խուսափելու այլ տարբերակ չէր լինի։ Բայց այդ տարբերակն իրականում չի լինի, որովհետև ՀԱՊԿ վերնախավն ու Ադրբեջանը վաղուց պայմանավորվել են՝ դեռևս բավարարվել եղածով։ Իսկ երբ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ունենա կոնկրետ կարգավիճակ, կիսելու այլևս բան չի լինի, որովհետև թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը կլինեն այդ ռազմական կառույցի մի մասը։

Սա իրական հնարավորություն էր հասկանալու, թե արդյոք այդ կառույցը անվտանգային խնդիր լուծելու ներուժ ունի, թե հերթական ֆիկտիվ միավորն է, ինչպես ԱՊՀ-ն, որի անդամներից յուրաքանչյուրը, անհրաժեշտությունից ելնելով, կարող է գործել ընդդեմ դաշինքի մեկ այլ անդամի։ ՀԱՊԿ անդամ թյուրքախոս երկրները մեկ անգամ չէ, որ հայտարարել էին արցախյան հիմնահարցում Ադրբեջանին սատարելու մասին։ Պատերազմից հետո նրանց շարքին էր դասվել նաև Պուտինը՝ հայտարարելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է։ Սա իրական հնարավորություն էր այդ կազմակերպության համար վերակազմակերպվելու՝ առանջային պլան մղելով անդամ երկրների անվտանգության բաղադրիչը։ 

Հիշենք, որ նույն կառույցը անգործության էր մատնված նաև 2014, 2015, 2016 թվականներին, երբ լարված էր իրավիճակը նաև Հայաստանի սահմանին և գնդակոծվում ու հրետակոծվում էին Տավուշի մարզի սահմանային մի շարք բնակավայրեր։

Մի բան ամեն դեպքում ակներև է։ Միանգամայն սպասելի էր ՀԱՊԿ-ի այս մերժողական պատասխանը, որովհետև դիմումից անցել է մեկ ու կես ամիս, սահմանին իրավիճակը թեև լարված չէ, բայց հանգիստ էլ չէ, ու այս ընթացքում որևէ հստակ պատասխան չկար այդ կառույցից։ Ավելին, եթե ՀԱՊԿ-ն պատրաստ լիներ լուծել խնդիրը, չէր սպասի, որ Հայաստանը պաշտոնապես դիմեր իրեն, այլ մինչ այդ արդեն իսկ կսկսեր գործուն քայլեր ձեռնարկել։ Միգուցե իրոք հասել է ժամանակը դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

ՀԱՊԿ-ն այս մի խնդրից չպրծած, կանգնել է մեկ այլ խնդրի առջև։ Աֆղանստանից ՆԱՏՕ-ն հանում է իր զորքերը, թալիբները հերթով գրավում են այդ երկրի քաղաքները։ Փաստորեն ՀԱՊԿ գլխավոր ախոյանը՝ ՆԱՏՕ-ն պաշտպանում էր նաև հենց այդ կառույցի սահմանների անվտանգությունը։ Արդեն իրավիճակը խիստ լարված է տաջիկ-աֆղանական սահմանին։ Ու այն դեպքում, երբ Աֆղանստանը ՀԱՊԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ ունի։ Եվ հիմա առավել քան պարզ կլինի, որ գործ ունենք որևէ հարց չլուծող կառույցի հետ։ Ինչպես ասում են՝ վիշտը մի օր ձեր դուռն էլ կթակի...

Հ.Գ. Մեր կարգի երկրներում, երբ սեփական անվտանգային համակարգն ուժեղացնելու փոխարեն, հույսդ սկսում ես կապել այս կամ այն երկրի կամ կառույցի հետ, իրադարձությունները սկսում են զարգանալ այս տրամաբանությամբ։ Դրա համար սեփական երկրի սահմանները պետք է պաշտպանեն քո զինված ուժերը, առանց այս կամ այն երկրից կամ ռազմական բլոկից կախվածության։ 

Կոլաժը՝ LIGA.net/Алина Подлесная

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter