
Վարդենիսցիների բաց նամակը նախագահ Սարգսյանին
Մեծարգո´ պարոն նախագահ , ևս մեկ անգամ դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով ստանալ դրական պատասխան մեր համայնքի բնակիչներին հուզող հարցի վերաբերյալ:
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի միջնակարգ դպրոցի շենքի կառուցումը ի սկզբանե չի համապատասխանել տվյալ տարածաշրջանի համար սահմանված շինարարական նորմերին և կանոններին:
Դպրոցը կառուցվել է 1977 թվականին: Նախագիծը կազմված էր 6-7 բալ սեյսմակայունության համար, իսկ մեր տարածաշրջանում պետք է կառուցվեին այդ ժամանակվա նորմերով 7-8 բալ սեյսմակայունություն ունեցող նախագծեր: Ներկայիս նորմերով պահանջվում է կիրառել
8-9 բալ սեյսմակայունություն ունեցող նախագծեր: Բացի դա, դպրոցը կառուցվել է Քասախ գետի նախկին հունի վրա, որտեղ գրունտի կազմությունը հետևյալն է՝ ավազ, կոպիճ, տիղմ և մշտական գրունտային ջրերի առկայություն, որի մակարդակը տարվա 8 ամիսների ընթացքում բարձրանում է մինչև հողի մակերևույթ:
Ապարանի ցրտաշունչ կլիմայի պայմաններում, որտեղ ձմեռվա նվազագույն միջին ջերմաստիճանը կազմում է 25-30°, ապա տվյալ տարածաշրջանում պետք է կիրառվեր ոչ թե հավաքովի երկաթբետոնյա կոնստրուկցիաներով նախագծեր, որում պատերի հաստությունը 29 սմ է, այլ քարե շարվածքով 50-55 սմ հաստությամբ պատերով նախագծեր, որպեսզի հնարավոր լինի քիչ ծախսումներով ապահովել նորմալ ջեռուցում:
Իսկ ներկա դրությամբ, երբ շենքը կառուցված է հավաքովի երկաթբետոնյա կոնստրուկցիաներով և պատի հաստությունը ընդամենը 29 սմ է, դռների և պատուհանների մակերեսը կազմում է պատերի ընդհանուր մակերեսի մոտ 40% -ը: Ինչպե՞ս կարելի է Ապարանի երկարատև ձմեռվա ընթացքում մոտ 2000 քմ մակերեսը տաքացնել ընդամենը 40-50 լիտր նավթով:
1988թ. երկրաշարժից հետո շենքի վիճակը, մասնագիտական հետազոտության արդյունքում, հետագա շահագործման համար գնահատվեց վտանգավոր և կազմվեց ուժեղացման նախագիծ: Սակայն սովետական պետության փլզումից հետո այն այդպես էլ չիրագործվեց:
90-ական թվականներից սկսած մինչև 2010 թվականը, համայնքի կողմից բազմիցս բարձրացվել է դպրոցի հարցը թե´ մարզային, և թե´ հանրապետության ղեկավարության շրջանակներում: Սակայն ոչ մի արդյունք:
2010 թվականին համայնքի կողմից հրավիրված ՀՀ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից մասնագիտական փորձաքննության արդյունքում դպրոցի շենքը գնահատվեց 4- րդ կարգի վթարային և հետագա շահագործման համար վտանգավոր:
2010 թվականի պետական բյուջեով նախատեսվեց նոր դպրոցի շինարարություն: Քաղաքաշինության նախարարության կողմից պատվիրվեց նոր նախագիծ 200 աշ. տեղով:
Համայնքի կողմից կատարվեց հողհատկացում, տրվեցին տեխնիկական պայմաններ՝ էլեկտրաներգիայի, խմելաջրի, կոյուղու և այլ կոմունիկացիաների: Հայտարարվեց մրցույթ և մրցույթում հաղթեց «Սպիտակ կամար» շինարարական կազմակերպությունը: 2011թ. աշնան ամիսներին փորվեցին հիմքերը: Սակայն շատ շուտ դադարեցվեց աշխատանքները անհայտ պատճառներով և 2012թ. պետական բյուջեով չնախատեսվեց նոր դպրոցի շինարարությունը:
2012թ. փետրվարի սկզբին համայնքի բնակիչների կողմից Ձեզ հասցեագրված նամակին պատասխանեցին քաղաքաշինության նախարարությունից, որ «Ձեր դպրոցի կառուցման հարցը կդիտարկվի ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) համար հատկացված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակները սահմանվելուց հետո»:
Այդպիսի պատասխանը, բնականաբար, զայրույթ առաջացրեց համայնքի բնակիչների մոտ, և յուրաքանչյուրն իր հերթին դիմեց տարբեր լրատվամիջոցների օգնությանը հարցը բարձրաձայնելու համար: Երեխաներին արգելեցին դպրոց հաճախել: Մեզ խոստացան հարցի շուտափույթ լուծում, որն էլ մինչ օրս անհայտ է:
Հավատալով Ձեզ՝ ակնկալում ենք, որ կտաք դրական լուծում:
Կանխավ շնորհակալություն:
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի բնակիչներ
Մեկնաբանել