Արցախում կնքվել է հուշագիր՝ CoWorking տարածքներ ստեղծելու մասին
2021 թ․ հուլիսի 5-ին Արցախի երիտասարդության պալատում ստորագրվել է եռակողմ փոխգործակցության հուշագիր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Տեք Վիքի և Արդյունավետ կառավարություն հիմնադրամի միջև` «Հայքն Աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը սկիզբ է առնում Արցախում՝ հեռավար աշխատանքի համաշխատանքային (CoWorking) տարածքներ ստեղծելով Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։ Այս մասին հայտնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):
Ծրագրի նպատակն է Արցախում ձևավորել այսօրվա միջազգային և տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող աշխատուժ և էկոհամակարգ, որտեղ մարդիկ ապրելով Արցախում, կաշխատեն միջազգային կազմակերպություններում՝ հեռահար կարգով, կամ, ապրելով Արցախում, կստեղծեն ապրանքներ և ծառայություններ միջազգային շուկայի համար։
Առաջին փուլում իրականացվելու են ծրագրի իրագործման տեղեկատվական աշխատանքները՝ ներկայացնելով և պատմելով Արցախի բնակչությանն ու հնարավոր գործընկեր և գործատու ընկերություններին այս ծրագրի և ստեղծվող հնարավորությունների մասին։ Սա կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանն ու հնարավոր մասնակիցների արագ ընդգրկմանը համաշխատանքային/CoWorking տարածքներում աշխատելու գործընթացին։
Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերում հավաքագրվելու են բոլոր հետաքրքրվածները և կազմակերպվելու է ձևավորված խմբերի վերապատրաստման գործընթաց, ինչպես նաև նախապատրաստվելու են գործատուների ցանցն ու համաշխատանքային/CoWorking տարածքները՝ հետագայում շարունակական կրթություն և զբաղվածություն ապահովելու նպատակով։
Արդյունքում, Արցախում ստեղծվելու է նորագույն տեխնոլոգիաների տարբեր ոլորտներից հմտությունների մեծ պաշար ունեցող անհատների խումբ, համաշխատանքային տարածքներ և գործատուների մեծ ցանց, որոնք աջակցելու են շարունակական կրթական ծրագրերին և պատրաստ են աշխատանք առաջարկել բոլոր հետաքրքրված անհատներին և խմբերին։ Սա հնարավորություն կտա, լուծելով զբաղվածության խնդիրը, միաժամանակ դուրս բերել և ճանաչելի դարձնել Արցախն աշխարհին և հայտնի ընկերություններին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել