HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աֆղանական սահմանին լարվածության աճի պարագայում Պուտինը Տաջիկստանին օգնություն է խոստացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր տաջիկ գործընկեր Էմոմալի Ռահմոնին խոստացել է ՀԱՊԿ շրջանակներում աջակցություն՝ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին լարվածության աճի պարագայում։ Այդ մասին գրում է Новая газета-ն՝ հղում անելով Կրեմլին։

«Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել Տաջիկստանին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, ինչպես երկկողմ պլանով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Կրեմլում Աֆղանստանի սահմանակից շրջաններում մարտական գործողություններով պայմանավորված իրավիճակն անվանել են «բարդ»։ Հուլիսի 5-ին պարզ դարձավ, որ տաջիկ սահմանապահները երկրի տարածք են թողել 1037 աֆղան զինծառայողների, որոնք նահանջել էին «Թալիբան» շարժման անդամների հետ բախումներից հետո։ Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը թալիբները հարձակվել են Խոխոն, Շիկայ, Նուսայ, Մոհիմայ, Շուգնան և Սուլտոն-Իշքաշիմ շրջաննների ուղղությամբ։ 

Ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ՀԱՊԿ շրջանակներում աֆղանական հարցով խորհրդակցություններ է սկսել։ Նա ընդգծել է ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանի հյուսիսային հատվածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժեղացումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի նախատեսում զորքեր մտցնել Աֆղանստան։ 

Հուլիսի 2-ին ՆԱՏՕ-ի վերջին զինծառայողները լքել էին Աֆղանստանի ամենախոշոր Բաղրամ ավիաբազան։ Վերջինս, որտեղից շուրջ 20 տարի թալիբների դեմ պայքար էր մղում ՆԱՏՕ-ն, փոխանցվել է Աֆղանստանի իշխանություններին։ Ապրիլի 29-ին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ «Թալիբան» շարժման հետ կնքված համաձայնագրից հետո սկսել է իր անձնակազմը հանել այդ երկրից։ Զորքերի դուրսբերումը պետք է ավարտվի 2021 թվականի սեպտեմբերի 11-ին։ Թալիբները զանգվածային հարձակումներ են սկսել Աֆղանստանի կառավարական ուժերի ուղղությամբ։ Վերջինս հայտարարել է մոբիլիզացիա և սկսել զենք բաժանել կամավորներին։

Լուսանկարը՝ Eurasianet-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter