
«Լավագույն կառավարիչների» 3 հաղթող Սթենֆորդի համալսարանում կմասնակցի 15-օրյա դասընթացի
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկել է 2012թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի «Լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի տեղի կունենա երկրորդ անգամ:
Մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա կառավարիչների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև բիզնեսի կառավարման ունակությունների և ձիրքերի բարելավմանը՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում:
Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում: Նախորդ տարվա մրցույթի հաղթողները չեն կարող հայտադիմում ներկայացնել հաջորդ առնվազն 3 տարվա ընթացքում:
Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ լրացնելով հայտադիմումը և ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը [email protected] էլ. հասցեով՝ մինչև ս.թ. ապրիլի 28-ը: Ընտրության գործընթացն իրականացնում է վարչապետի հրամանագրով ստեղծված մրցանակաբաշխության հանձնաժողովը: 3 հաղթողները կհայտարարվեն մայիսի 15-ին: 15-օրյա վերապատրաստման դասընթացը տեղի կունենա Սթենֆորդի համալսարանում (Stanford Executive Institute) օգոստոսին:
Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան սովորել գործարար կառավարման սկզբունքները, փորձարկել իրենց բիզնես հեռանկարները և նորարարական մտածողությունը, ձեռք բերել տեխնոլոգիաների ոլորտում գործարար գիտելիքներ՝ բարձր վարկանիշ և հարուստ փորձ ունեցող դասախոսական կազմից, կառուցել մասնագիտական հարաբերություններ և երկարատև գործարար շփումներ բարձր որակավորում ունեցող հասակակիցների հետ, դառնալ 3500 + ղեկավարների բացառիկ ցանցի մի մաս:
Մրցանակաբաշխության հիմնական կազմակերպիչը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն է, հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել