HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու մեջ մեղադրվող, «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակության հիմքով և նրա վերաբերյալ քրեական գործը՝ կարճվել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։

Հիշեցնենք, որ պատմաբան, Երևանի պետական համալսարանի դասախոս Միհրան Հակոբյանի վերաբերյալ գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ վերջինս, իր տված  հարցազրույցներից մեկի ընթացքում խոսելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին, որպես պատմական օրինակ, ի թիվս այլնի, մատնանշել է Չաուշեսկու ընտանիքի պատմությունը։ Չաուշեսկու ընտանիքը դատապարտվել էր մահապատժի՝ ռումինական տրիբունալի կողմից։

Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը դեռևս Հակոբյանին մեղադրանք առաջադրելուց հետո շեշտել էր, որ փաստորեն, Քննչական կոմիտեն օրինական ուժի մեջ մտած և մինչ օրս չբեկանված դատավճռի մասին խոսելը համարել է բռնությունն արդարացնել։

Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել 2020 թվականի դեկտեմբերին, և, փաստորեն շուրջ վեց ամիս քննությունից հետո, վարույթն իրականացնող մարմինը եկել է եզրահանգման, որ նրա արարքում հանցակազմ առկա չէ։

Հարկ է նշել, որ Հակոբյանին վերագրվող Քրեական օրենսգրքի հոդվածը՝ 226.2-ը, օրենսգրքում լրացվել է 2020 թվականի ապրիլին։ Օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հրապարակել է այս հոդվածով առաջին դատավճիռը, որը վերաբերում էր «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին։ Դատարանն արդարացրել է Հարությունյանին, ու հղում կատարելով մի շարք միջազգային փաստաթղթերի՝ նշել, որ «ազատ արտահայտվելու իրավունքը շատ կարևոր է ժողովրդավարական գործընթացների համար, և քաղաքացիները պետք է ազատ լինեն առանց հետապնդման ենթարկվելու վախի արտահայտել իրենց քաղաքական տեսակետները: Խիստ կարևոր է, որ ատելության խոսքի մասին օրենքները պետության կողմից չօգտագործվեն քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ ընդդիմությանը լռեցնելու համար»։

Լուսանկարում՝ Միհրան Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter