ՀայՓոստը մեկնարկել է կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները
Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավելի քան 50000 կենսաթոշակառու հուլիսի 2-ից կարող են ստանալ կենսաթոշակները ՀայՓոստի էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակի կանխիկացնել փոստային բաժանմունքներում: Այս մասին ասվում է Հայփոստի մամուլի հաղորդագրությունում։
Կենսաթոշակառուն իր՝ ՀայՓոստ դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:
Բացառություն են կազմում հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները,
- 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները, որոնց կենսաթոշակները կվճարվեն բացառապես կանխիկ եղանակով:
Հուլիսից սկսած մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նույնպես կվճարվեն անկանխիկ եղանակով:
ՀայՓոստի էլեկտրոնային դրամապանակից օգտվելու համար հաճախորդը պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք՝ նույնականացման համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել