
Քարահունջի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
ՀՔԾ-ի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100 հազարից 220 հազար դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև, ըստ ՀՔԾ-ի, խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:
Բացի այդ, Լ.Ա.-ն, սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100 հազար դրամ, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Լ. Ա.-ին 06.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Լ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ՀՔԾ հաղորդագրության մեջ նշված Լ.Ա.-ն Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն է:
Լուսանկարը՝ Լ. Ավետյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել