
Մեկնարկեց «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթը
Կայացավ «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը, որի ընթացքում մոտ 30 երիտասարդ ներկայացրեց 14 նորարարական գաղափար: Հիմնական հայտերը ներկայացրել են Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի և այլ բուհերի ուսանողներ:
Առաջին փուլում ընտրվեցին նորարար և մրցունակ գաղափարներ, որոնց հիման վրա մասնակիցների ցանկությամբ ձևավորվեցին աշխատանքային թիմեր: Վերջիններս մինչև մայիսի 1 պետք է ամբողջացնեն և ներկայացնեն ինչպես բիզնեսի գաղափարները, այնպես էլ աշխատանքային թիմերի կազմը:
Մրցույթի հետագա փուլերի ընթացքում աշխատանքային թիմերը կկազմեն իրենց գաղափարների բիզնես-մոդելները, կմշակեն իրենց բիզնեսի փորձնական նախատիպերը:
Հաղթող թիմերը նորարարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը հնարավորություն կունենան ներկայացնելու հունիսի 15-16 կայանալիք ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում, ինչպես նաև մայիսի 17-19 անցկացվելիք Եվրասիա միջազգային երիտասարդական համաժողովում:
Մրցույթի նպատակն է խթանել ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացումն ու էլեկտրոնային բիզնեսը: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հայ-ռուսական համալսարանի բիզնես ինկուբատորը և Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) և Key Solutions խորհրդատվական ընկերությունը:
Մեկնաբանել