HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուգում մասնակցում է գլխավոր դատախազների միջազգային համաժողովին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգ քաղաքում  մեկնարկած եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին:

Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ բարձր մակարդակի այդ միջոցառմանը մասնակցելու հրավերը գլխավոր դատախազը ստացել էր Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Իգոր Կրասնովի կողմից՝ այս տարվա ապրիլին վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում:

««Դատախազի դերը անհատի իրավունքների և հանրային շահի պաշտպանության ոլորտում՝ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պահանջների լույսի ներքո» խորագիրը կրող համաժողովը կազմակերպել են ՌԴ գլխավոր դատախազությունը, Եվրոպայի խորհուրդը և «Դատախազների միջազգային ասոցիացիան»:

Համաժողովի նպատակն է քննարկել ՄԻԵԴ տեսանկյունից դատախազության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև օրենսդրության կատարման նկատմամբ դատախազական վերահսկողության, քրեական արդարադատությունից դուրս դատախազության ֆունկցիոնալ դերակատարության, կիբերհանցագործությունների, միջազգային ահաբեկչության  հակազդման, իրավական փոխօգնության կառուցակարգերի կատարելագործման խնդիրները, ինչպես նաև նշված ոլորտներում միջազգային համագործակցությանը, լավագույն փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:

Համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա Հայաստանի Հանրապետության օրինակով անդրադարձել է Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի պահանջների համատեքստում քրեական վարույթի շրջանակում Դատախազության ուղղորդող լոկոմոտիվային դերին: ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, ներկայացրել է ՀՀ դատախազության նախաձեռնությունները նախնական կալանքի կիրառման շրջանակում մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության պաշտպանության առումով ՄԻԵԴ ձևավորած նախադեպային իրավունքի մանրամասն ուսումնասիրությունների, դրա հիման վրա խափանման միջոց կալանքի միջնորդությունների բովանդակային նոր՝ ՄԻԵԿ 5-րդ հոդվածի իմաստին ու ոգուն համահունչ չափորոշիչներ ներդնելու ուղղությամբ:

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է քրեական վարույթում ներգրավված, սակայն այլ երկրներում գտնվող անձանց հետ մեղադրյալների հակընդդեմ հարցման իրավունքի իրացման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ ապահովելու համար Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքները:

Այս տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, առավել խնդրահարույց է շարունակում մնալ հանգամանքը, որ թեև ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում տեսակապի միջոցով հակընդդեմ հարցման իրականացումը, սակայն բազմաթիվ երկրներ չեն միացել «Քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ» եվրոպական կոնվենցիային, կամ խնդրո առարկայի հետ կապված տարբեր երկրներում գործում են խիստ տարբերակված իրավական ընթացակարգեր, որոնք ստեղծում են բարդություններ այդ երկրներում գտնվող անձանց հետ իրավական գործընթացի շրջանակում հաղորդակցման կազմակերպման համար:  

Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են նաև ՀՀ գլխավոր դատախազի երկկողմ հանդիպումներ գործընկեր երկրների գլխավոր դատախազների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter